Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Առերևույթ խոշոր չափերի վատնում Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ խոշոր չափերի վատնում Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009 թվականից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի՝ իրեն վստահված միջոցների խոշոր չափ հանդիսացող՝ 2.311.752 ՀՀ դրամ գումարի վատնում։

Մասնավորապես, նախկին տնօրենի 2011 թվականի, 2015 թվականի և 2016 թվականի երեք հրամաններով դպրոցում որպես պահակ և էլեկտրիկ-փականագործներ աշխատանքի են ընդունվել երեք քաղաքացիներ, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանցից մեկի անվամբ՝ 2011թ. ապրիլից մինչև 2014թ. սեպտեմբեր, երկրորդի անվամբ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբեր և երրորդի անվամբ 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբեր հաշվարկվել և վճարման է ներկայացվել համապատասխանաբար 281.750, 912.619 և 1.117.383 ՀՀ դրամ գումարներ, որը նրանք ստացել և տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով վատնում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]