Տնտեսություն

Պետական քոլեջը հուշագրի շրջանակում մասնագետներ կպատրաստի թեթև արդյունաբերության ոլորտի համար

4 րոպեի ընթերցում

Պետական քոլեջը հուշագրի շրջանակում մասնագետներ կպատրաստի թեթև արդյունաբերության ոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն փետրվարի 6-ին կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվել են մասնագետներ պատրաստել միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումը աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: «Մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը թեթև արդյունաբերության ոլորտն է, որի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է: Իսկ տնտեսության զարգացումն առանց միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման և մրցունակ կադրերի հնարավոր չէ: Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն իր միջոցներով կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրական կառույցում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով: Մրցունակ մասնագետների պատրաստումը նաև պետք է դիտարկել մեր երկրում աղքատության նվազման տեսանկյունից, որն այսօր կառավարության գերակայությունների շրջանակում է»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ ընդգծելով մասնավոր հատված-կրթության համագործակցության կարևորությունը: «Ներդրումային պայմանագրերի առումով սա իսկապես բացառիկ դեպք է, երբ մասնավոր բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթության ոլորտ ոչ միայն կառավարման խորհուրդներում ընդգրկվելու, կադրերի պատրաստման գործընթացում ներգրավվելու, այլ նաև ներդրումների կատարելու տեսանկյունից»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ համագործակցության համար:

«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պարբերաբար իրականացնելու են մասնագետների պատրաստման և վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ ընկերության ներկայացրած առաջարկներին և պահանջներին համապատասխան, մշակելու են անհրաժեշտ մասնագիտական մոդուլներ՝ հաշվի առնելով աշխատանքների յուրահատկությունները և հեռանկարային զարգացումները, ինչպես նաև ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ և ճանաչողական այցեր ընկերություն և այլն: Բացի այդ, կողմերն աջակցելու են միջին և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորմանը, Երևանի և ՀՀ տարբեր տարածաշրջանների թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում