Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Կառավարությունը խրախուսում է հերթական ներդրումային ծրագիրը թեթև արդյունաբերության ոլորտում


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ փոխվարչապետը շնորհավորել է բոլոր վերանշանակված և նորանշանակ նախարարներին և  մաղթել նրանց բեղուն աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի:

Այնուհետև Տիգրան Ավինյանն անդրադարձել է ՊԵԿ-ի կողմից առաջարկվող նոր դրոշմապիտակներին  և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը նշել է, որ նոր դրոշմապիտակները շուտով կդրվեն շրջանառության մեջ, իսկ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն այսուհետ կիրականացվի բացառապես պետական պատվերի շրջանակում ամբողջ բնակչության համար:

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մասնավորապես, նշվել է, որ դրոշմապիտակները վտանգ են ներկայացնում հիմնականում երեխաների համար, քանի որ վերջիններս դրանք պատահաբար կուլ են տալիս: ՊԵԿ նախագահը հայտնել է, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է և որոշվել է շրջանառության մեջ դնել նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք կլինեն շատ ավելի փափուկ և  հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին։

Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը նախկինում եղել է համավճարով: Ըստ նախարարի՝ այս տարվա առողջապահության բյուջեի աճի շրջանակում նախատեսվել է այն իրականացնել բացառապես պետպատվերի շրջանակում:  «Կարծում եմ մյուս տարիներին նույնպես այս եղանակով շարունակելու ենք: Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին»,-ասել է Արսեն Թորոսյանը:     

 

Միջազգային համագործակցություն. Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

 

Կառավարության որոշմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշման ընդունումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Ինչպես նշել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմը կգործի 2019թ. մարտի 3-ից: Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ շրջանի քաղաքացիների համար սահմանելով Հայաստանում մնալու 180 օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր:      

Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև նման արտոնյալ ռեժիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանելու վերաբերյալ  քննարկումների արդյունքներից: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ներկայումս նախարարությունում այդ հարցը համապարփակ դիտարկվում է:

«Կարծում եմ, որ տուրիզմի և գործարար կապերի զարգացման առումով սա նույնպես շատ կարևոր նախաձեռնություն է և, իհարկե, պետք է առաջ շարժվել ռիսկերի ճիշտ գնահատմամբ»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հավանություն է տրվել նաև  2018 թ. հուլիսի 31-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թ. օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

 

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը թեթև արդյունաբերության ոլորտում

 

Կառավարության որոշմամբ «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Գյումրիում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ՝ կատարելով ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Բալաբեկյան ագրո» ՍՊԸ կողմից  ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ընկերությունը, որը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի, կառավարության համապատասխան որոշմամբ օգտվում է ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն  3 տարով հետաձգելու արտոնությունից:

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թ. ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների): Արդյունքում կկարգավորվի 2019 թ. ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ միասնական պետական էլեկտրոնային համակարգի համար կազմակերպատեխնիկական պայմանների ստեղծման անհրաժետությամբ  պայմանավորված:   Ըստ այդմ՝ հաստատվում են էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերը և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի անվտանգությունն ու փոխգործելիությունն ապահովելոււ համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերը:

Կառավարության որոշումներով հունիսի 9-ին ՀՀ Արարատի մարզի Սիս և ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքներում  կանցկացվեն  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ