Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Խնդիրների մասին բարձրաձայնողից ստանձնում են խնդիրները լուծողի դերը. Նոր ԱԺ-ի լրագրող-պատգամավորները


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ից իր աշխատանքները սկսող 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների շարքում քիչ չեն նախկին լրագրողները, որոնք տարբեր պատճառներով թողել են իրենց աշխատանքը և որոշել են զբաղվել քաղաքականությամբ:

«Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ` պարզելու, թե որն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանն արդեն գլխավոր խմբագրի պարտականությունները փոխանցել է իր գործընկերուհուն և պատրաստվում է խորհրդարանի անդամի կյանքին:

«Մոտավորապես 15 տարի խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրող եմ աշխատել: Խորհրդարանական գործունեության մեջ երևի չկա մի բան, որն ինձ անհայտ է, ուղղակի, ինչպես ասում են` բարիկադների մյուս կողմից եմ եղել խորհրդարանում, հիմա կլինեմ այլ կողմում, և այն խնդիրները, որոնք լուսաբանել եմ որպես լրագրող ու խմբագիր, կփորձեմ արդեն վերածել ելույթների, օրենսդրական նախաձեռնությունների։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել հոդվածների միջոցով, կփորձեմ որպես իշխանական պատգամավոր այլ խողովակներով լուծումներ գտնել»,- ասաց Թովմասյանը:

«Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի կարծիքով` քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողն ու քաղաքականություն իրականացնող գործիչն իրար շատ մոտ են կանգնած:

«Քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողը քաղաքականությամբ զբաղվում է, բայց զբաղվում է հարցեր տվողի տեսանկյունից, որովհետև իր պատրաստած նյութից կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան շահի կամ տուժի: Լրագրողից քաղաքական գործչի անցումը տեղի է ունենում, երբ լրագրողը հարցեր տվողից որոշում է դառնալ խնդիրներ լուծող»,- նշեց Հովակիմյանը:

Ամիսներ առաջ լրագրողի աշխատանքը թողնելով քաղաքականություն մտած Գայանե Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է իր բարձրաձայնած և մի շարք այլ խնդիրներին լուծում տալու համար:

«Ինչ-որ մի փուլում հասկացա, որ, եթե կարող եմ ներգրավվել մի գործում, որտեղ իրապես կունենամ լծակ հարցերի լուծման, և ոչ միայն բարձրաձայնման, որոշեցի, որ, այնուամենայնիվ, այս պահին պետք է վերցնել ոչ միայն բարձրաձայնելու պատասխանատվությունը, այլև խնդիրները լուծել փորձելու»,- ասաց Գայանե Աբրահամյանը:

«Իմ քայլը» խմբակցության կազմում նախկին լրագրողների առկայությունը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն առավելություն է համարում:

«Եթե նրանք շատ-շատ լինեին, ես դա չէի համարի առավելություն, բայց քանի որ նրանք մեկ տասնյակի շրջանակում են, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որովհետև բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ լրագրողից լավ որևէ մեկը չի տիրապետում խնդիրներին: Այս առումով կարծում եմ, որ լրագրողների առկայությունն ԱԺ-ում կարող է շատ օգնել, որպեսզի խնդիրներին այլընտրանքային մոտեցում ցուցաբերվի»,- նշեց Լուսինե Բադալյանը:

Այս կարծիքին է նաև Սարգիս Խանդանյանը, ով արդեն մեկընդմիշտ որոշել է` լրագրություն չի վերադառնալու:

«Լրագրող լինելու փորձը բավական օգնելու է թեկուզ ընթացակարգերի իմացության առումով, մանավանդ, որ լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ ուզած, թե չուզած բավական շատ ոլորտների է առնչվում, և այս առումով բավական շահեկան դիրքում են լինելու լրագրող-պատգամավորները: Սա նաև դաշինքին առավելություն կտա, որովհետև կան նախկին լրագրողներ, ովքեր մասնագիտացված են իրավունքի, տնտեսագիտության ոլորտներում: Երբեմն նախանձով ու խանդով եմ վերաբերում լրագրող գործընկերներիս, հատկապես հիմա, երբ լրիվ այլ որակի, այլ քաղաքական մշակույթում են աշխատելու, բայց ամեն դեպքում հստակ որոշում ունեմ, որ երբևէ չեմ վերադառնալու լրագրություն»,- ասաց Խանդանյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատած Բաբկեն Թունյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է տնտեսության մեջ իշխանության թերացումների մասին, և այսօր արդեն իշխանական պատգամավորի կարգավիճակով պատրաստ է լսել առողջ քննադատությունը:

«Ես մատնանշել եմ օբյեկտիվ թերությունները: Այսինքն` ցույց եմ տվել դրանք ոչ թե բամբասանքների կամ խոսակցությունների հիման վրա, այլ փաստերով, ուրախ կլինեմ, եթե մեր հասցեին էլ կողքից ունենանք առողջ քննադատություն»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Լրագրող-պատգամավորներից շատերն արդեն կարոտում են իրենց հիմնական մասնագիտությունը, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չեն ունենա:

Նորայր Շողիկյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ