Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Արմեն Գևորգյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի նախաքննությանը

Նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Արմեն Գևորգյանը ազատության մեջ 
գտնվելով կխոչընդոտի նախաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  անվտանգության  խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ակնկալում է դատարանից արդար որոշման կայացում և արդարադատության իրականացում:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ընդմիջվելուց հետո լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ Գևորգյանին կալանավորելու վարույթ իրականացնող մարմնի հիմնական հիմնավորումն այն է, որ Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի վարույթ իրականացնող մարմնի գործի ընթացքին` կթաքնվի, կկատարի ոչ իրավաչափ գործողություններ, մասնավորապես` վկաների կամ մյուս մասնակիցների վրա ճնշում գործադրելով, ինչպես նաև Գևորգյանին  ծանր մեղադրանքներ է առաջադրված և դրանով իսկ ենթադրվում են նրա ոչ իրավաչափ գործողությունները:

«Նա դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ պաշտպանական կողմն անգամ չի էլ անցել միջնորդությունների դեմ առարկություններ ներկայացնելու փուլին: Մենք լսեցինք քննիչի կողմից միջնորդության բովանդակությունը և հիմնավորումները, և որոշակի հարցեր պարզաբանվեցին:  Այդ հարցերի առնչությամբ մենք միջնորդություններ ներկայացրեցինք այդ փաստարկներին ծանոթանալու նպատակով, որպեսզի հետագայում մեր առարկությունները ներկայացնենք ավելի արդյունավետ»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ իրենց բոլոր առարկություններն արդեն իսկ պատրաստել են, սակայն ինքը դրանք դեռ չի կարող հրապարակել:

«Մենք վիճարկելու ենք կալանավորման ինչպես պայմանը, այնպես էլ հիմքերը: Բայց, միևնույն է, եթե դատարանը գտնի, որ առկա են կալանավորման պայմանները և հիմքերը, մենք միջնորդելու ենք կալանավորման այլընտրանքային  խափանման միջոցի՝ գրավի կիրառումը»,- ասաց Ալեքսանյանը:

Փաստաբանի կարծիքով` դատավորի կողմից  կանխակալ վերաբերմունք չկա, և ինքը հույս ունի, որ  դատարանն արդար որոշում կկայացնի: Ըստ Ալեքսանյանի` պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնի, որովհետև դրա հիմքերը բացակայում են:

Լրագրողի այն հարցին, թե ինչ հիմքեր են ներկայացվել Գևորգյանին մեղադրանքներ առաջադրելու համար, պաշտպանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները հայտնելու իրավունք չունի՝ ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից:

«Դա վերաբերում է կոնկրետ գործի փաստական հանգամանքներին, որոնք գաղտնի են, և ես հրապարակելու իրավասություն չունեմ: Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է, իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հետագայում արդեն մանրամասն իր մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումը ևս կհայտնի»,- հավելեց Ալեքսանյանը:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին: Դռնփակ նիստը նախագահում է դատավոր Արման Հովհաննիսյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեք նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի հատկանիշով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով  առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին: «Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը: Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը: Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվում է ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնել էր ՀՔԾ պետը:

Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am