Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ն ու ՃՇՀԱՀ-ը համաձայնագրեր են ստորագրել Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ

ՀՊՏՀ-ն ու  ՃՇՀԱՀ-ը համաձայնագրեր են ստորագրել Վալենսիայի Պոլիտեխնիկական 
համալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) համատեղ իրականացնում են «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր: Հայաստանում առաջին անգամ է, երբ երկու համալսարան համագործակցում են համատեղ կրթական ծրագրի շրջանակներում և փոխճանաչում են ուսանողների կողմից ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում ստացված կրեդիտները (ECTS):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում:

Նախագիծն իրականացնելու մտահղացումը եղել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից, ովքեր «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող, պրոֆեսոր Լուիս Ռուիսի հետ ստեղծել են նախագիծը: Քանի որ նախագծում կար ձեռներեցության, կառավարման բաղադրիչ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համագործակցել նաև ՀՊՏՀ-ի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանն, ով նաև «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգողներից է՝ նշեց, որ սա միջոլորտային ծրագիր է, ինչի շնորհիվ մեկտեղվում են տեխնիկական և տնտեսագիտական իմացությունները:

«Իրականացնում են վերապատրաստում, ինչի համար բացել ենք երկրատեղեկատվական համակարգերի (GIS՝ երկրատեղեկատվական համակարգեր) լաբորատորիա՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ (մոտ 40-50 հազար եվրո): Նախագիծն իրականացնելու համար մենք այսօր ունենք անհրաժեշտ սարքավորումներ և տնտեսագետներն արդեն կկարողանան օգտագործել ժամանակակից գործիքներ: Այսօր մենք GIS-ը փորձում ենք օգտագործել տնտեսագիտական խնդիրների լուծման համար, օրինակ տարածքային կառավարման կամ մշակութային տուրիզմի ոլորտներում»,- ասաց Ներսես Գևորգյանը:

Նրա խոսքով՝ սկզբում իրենք ստեղծել են մի քանի առարկա, օրինակ՝ երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը տնտեսագիտության մեջ, տնտեսագետների համար վերապատրաստումներ են իրականացվել:

«GIS-ն ու կառավարումը միասին համատեղելով՝ ծնվեց մագիստրոսական ծրագիր՝ ստեղծվեց մասնագիտություն: Այստեղ մեկտեղվում է տնտեսագիտական և կառավարման իմացությունը տեխնիկական գիտելիքի ու հմտությունների հետ»,- ընդգծեց «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգողը:

Ուսումնառության ընթացքում ուսանողները մեկ տարի սովորում են ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում՝ իրենց կարգավիճակով (անվճար կամ վճարովի) ունեն նաև հնարավորություն երկրորդ տարին ուսանել ՎՊՀ-ում՝ Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղում (Իտալիա) փորձառություն անցնելու հնարավորությամբ:

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ 11 ուսանող մեկնել է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարան:

«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ չափանիշներով են ուսանողներն ընտրվել, ովքեր սովորում են ՎՊՀ-ում, Գևորգյանը նշեց, որ պարտադիր պայմաններից է անգլերենի գերազանց իմացությունը, քանի որ դասընթացներն իրականացվում են անգլերենով:

«Վալենսիայի այդ համալսարան ընդունվելու համար, բացի անգլերենի իմացությունից, նաև պետք է բարձր առաջադիմություն ունենա ուսանողն, ինչպես նաև շատ ենք կարևորում ուսանողի հետաքրքրվածությունն այս մասնագիտությամբ: Մենք հարցազրույց ենք իրականացրել և պարզել ենք, թե ով որքանով է ցանկանում ուսումնասիրել տվյալ ոլորտը»,- ընդգծեց «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգողը:

Վալենսիա մեկնած 11 ուսանողից 9-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից են, իսկ 2-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից:

ՀՊՏՀ-ի 9 ուսանողից 8-ն աղջիկ է, իսկ 1-ը տղա, ՃՇՀԱՀ-ից մեկնել է 1 տղա և 1 աղջիկ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման ղեկավար, ինչպես նաև Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենց համալսարանը դեռ 2009 թվականից է համագործակցում ՎՊՀ-ի հետ:

«Մենք դեռևս 2010 թվականից մեր համալսարանում ունենք  GIS լաբորատորիա, որը հագեցված է բարձրագույն սարքավորումներով»,- նշեց Հովհաննիսյանը, ով նույնպես ՀԵՐԻՏԱԳ ծրագրի համակարգողներից է:

Նա նաև հավելեց, որ քանի որ արդեն համատեղ կրթական ծրագրի իրականացման փորձ ունեն՝ պատրաստ են կիսել իրենց փորձը Հայաստանի տարբեր համալսարանների հետ:  

Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանում սովորող 11 ուսանողից 3-ը կրթաթոշակ են շահել ERASMUS+ շարժունակության ծրագրի միջոցով, իսկ մյուսները ստացել են միանվագ 1330 եվրո գումար և ծածկվել է նաև ճանապարհածախսը ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի կողմից:

Վարազդատ Հովհաննիսյանը նշեց, որ կրթական ծրագրի շրջանակում կան նաև գործընկերներ՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիան, Գորիսի պոլիտեխնիկական համալսարանը, Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը:

Հաշվի առնելով համատեղ կրթական ծրագրի առանձնահատկությունները՝ շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու որպես նախագծերի կառավարիչներ՝ ինչպես զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման ու կառավարման, այնպես էլ ճարտարապետության և շինարարության ոլորտներում: Երկու որակավորումն էլ (դիպլոմ) հնարավորություն կընձեռեն աշխատելու թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի աշխատաշուկայում:

Մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՃՇՀԱՀ և ՀՊՏՀ, այնպես էլ հայաստանյան այլ ԲՈւՀ-երի առնվազն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում է նաև անգլերենի իմացությունը: Մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա քաղաքացիները:

ՀՀ-ում և Իսպանիայում ուսումնառության հաջող ավարտի դեպքում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները կստանան երկու որակավորում՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ և ՎՊՀ դիպլոմ:

 

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]