Հայաստանը եւ ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Տրանսպորտային շաբաթ–2018»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը։ Հայկական կողմից այն վավերացրել է նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։ Համաձայնագրին հետագայում միանալու են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, բայց այն բաց է լինելու նաև այլ երկրների համար: «Տրանսպորտային շաբաթ-2018» - ի ընթացքում տեղի է ունեցել նաև «Ռուսաստանի տրանսպորտ. Միասնական թվային հարթակ» համաժողովը, որին հաջորդել է Ճանապարհային երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունում» 9-րդ միջազգային համագումարը, «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» լիագումար նիստը։
Նախատեսվում են մի շարք ոլորտային համագումարներ: Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պաշտոնական հանդիպում է ունենալու ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում