Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը ՀՔԾ-ում հարցաքննվել են վկաների կարգավիճակով

Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը ՀՔԾ-ում հարցաքննվել են վկաների 
կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկաների կարգավիճակով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի քննության ընթացքում որոշակի փաստական տվյալներ են ի հայտ եկել այդ անձանց ներգրավման մասին, այդ հիմքով քրեական գործը փոխանցվել է ՀՔԾ:  Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկաների կարգավիճակով, այս պահին հստակ  չեմ հիշում՝ գործը ետ ուղարկվե՞լ է ՔԿ, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Սասուն Խաչատրյանը նշեց, որ ՀՔԾ-ի վարույթում քննվում է 153 քրեական գործ, որոնք բոլորն էլ բազմադրվագ են և իրենցից որոշակի բարդություն են ներկայացնում: «Դրանով պայմանավորված հնարավոր է որոշ հանգամանքներ չհիշեմ»,- նկատեց ՀՔԾ պետ Խաչատրյանը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500 000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ. Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

2018 թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել նշված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am