Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի սպասվելիք քվեարկության վերաբերյալ

Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել Ընտրական օրենսգրքի 
բարեփոխումների փաթեթի սպասվելիք քվեարկության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելիք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ չի ցանկանում քվեարկության վերաբերյալ կանխատեսումներ անել, սակայն ընդգծեց, որ այս օրերին զանազան կողմերից հավաստիացումներ և հայտարարություններ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել: «Արտահերթ ընտրություններ միևնույնն է լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը, կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը:  

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում չընդունվեց նաև այն պատճառով, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի իրենց գործընկերներից որոշ պատգամավորներ բացակայում էին, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես բոլոր 105 պատգամավորներին համարում է իրենց գործընկերը: «Ես լիահույս եմ, որ բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի գիտակցումը, որ երկիրը այլևս պետք չէ տանել ավելորդ ցնցումների, ի վերջո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին»,- նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Միրզոյանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման օրը ինքն անձամբ է զանգահարել տարբեր պատգամավորների. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»:

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:  Փաթեթին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 3 պատգամավոր: Փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 ձայն: Դրանից հետո «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների նախաձեռնությամբ ստորագրահավաք սկսվեց արտահերթ նիստ հրավիրելու համար: Անհրաժեշտ ստորագրությունների քանակն ապահովվեց: ԱԺ նախագահի որոշմամբ հոկտեմբերի 29-ին հրավիրվել է ԱԺ  րատհաերթ նիստ, որի օրակարգում ԸՕ բարեփոխումների փաթեթն է:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am