Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

Խորհրդարանն արձակելու ճանապարհին Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11:

Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարեցին «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ:

Վարչապետի ընտրությանը հարցը դրված էր հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ