Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Հայաստանում բիզնեսը չի կարող խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից: Ով ուզում է բիզնեսով զբաղվել, պետք է հեռանա քաղաքականությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում նախկինում խնդիր էր բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելը: Ես մեծ հարգանք ունեմ բոլոր գործարարների նկատմամբ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքային տաղանդով կարողանում են բիզնես անել, հարկեր վճարել: Գործարարները կարևոր դերակատարություն պետք է ունենան մեր երկրի զարգացման գործում: Բայց, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Դժբախտություն կլիներ, եթե ՀՀ վարչապետը Հայաստանում բիզնես շահ ունենար: Դա բացառված է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց` նույնն էլ վերաբերում է քաղաքներին. բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: Փաշինյանը վստահեցրեց` Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չունի բիզնես, նրա միակ գործը պետք է լինի ժողովրդին ծառայելը: Նա նկատեց` նաև քաղաքապետի մյուս թեկնածուներն իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի սեփականություն չպետք է ձեռք բերեն: «Ով ուզում է բիզնեսով զբաղվել, թող հեռանա քաղաքականությունից, զբաղվի այդ գործով: Մենք չենք կարող որոշել, թե ով ինչով զբաղվի, ժողովուրդը պետք է որոշի իր ընտրությամբ: Բիզնեսը չի կարող խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը»,- շեշտեց Փաշինյանը:

Նա կոչ արեց մարդկանց անել իրենց քայլը, որ շատ կարևոր քայլ է հեղափոխության ճանապարհին՝ կապանցիներին հորդորելով կիրակի օրը գնալ ընտրատեղամասեր և հաստատել իրենց իշխանությունը: «Ես չեմ ասում, որ այս ընտրություններում պետք է հաղթի Նարեկ Բաբայանը, կամ այլ թեկնածու, ես ասում եմ, որ պետք է հաղթեք դուք»,- հավելեց նա:

Նա կարևորեց, որ յուրաքանչյուրը մարդ ասի, որ ինքը հաղթեց:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ