Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հակահայ գյուլենական գործիչը կապված է նաև «Ադրբեջանական լվացքատան» հետ. Օքսուզի գործի հետքերով. ՄԱՍ 2


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Երևանում հայտնաբերված ու ձերբակալված թուրքամետ ու ադրբեջանամետ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի պատմությունն ավելի ու ավելի հետաքրքիր  է դառնում, երբ կողք կողքի ենք դնում նրա անցյալի մասին որոշ ուշագրավ մանրամասներ։

Այդ մանրամասները գալիս են հավաստելու, որ օգոստոսի 29-ին Երևանում ձերբակալված, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող թուրք Օքսուզը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված հենց Միացյալ Նահանգների կողմից, ավելին է, քան շարքային լոբբիստը։ Պարզվում է, որ նա ունի, կամ առնվազն ոչ վաղ անցյալում ունեցել է շատ սերտ կապեր Ադրբեջանի կառավարության հետ։ Ավելին, Օքսուզի անունը կապված է վերջերս տեղի ունեցած սկանդալային բացահայտման՝ «Ադրբեջանական լվացքատան» հետ, որի միջոցով այդ երկրի ղեկավարությունն ու անձամբ նախագահ Իլհամ Ալիևին պատկանող ընկերությունները գաղտնի կերպով կոռուպցիոն գործարքների մեջ են ներգրավել հայտնի անձանց, այդ թվում և եվրապատգամավորների:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ադրբեջանական պետական նավթադոլարներով գործարքներին մասնակցած Օքսուզը գյուլենական շարժման հայտնի դեմքերից է, ով երկար տարիներ գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Մեր հետաքննությունը պարզեց, որ թուրք գործիչը ԱՄՆ-ում բացել է գյուլենական կենտրոններ, զբաղվել թուրքամետ քարոզչությամբ: Իհարկե, Թուրքիայում գյուլենականների գործունեության արգելումից հետո հայտնի չէ, թե ինչպիսինն է մնացել պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Օքսուզի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես սատարում է Անկարայի քաղաքականությունն ու այլևս չի խրախուսում գյուլենականների գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Օքսուզը հայտնվել էր ԱՄՆ Կոնգրեսի հետաքննության կենտրոնում ԱՄՆ-ում հիմնված, շահույթ չհետապնդող իր կազմակերպության միջոցով ամերիկացի օրենսդիրների համար դեպի Ադրբեջան կասկածելի ուղևորություն կազմակերպելու պատճառով։ Կոնգրեսի հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը գաղտնի կերպով ֆինանսավորել է այդ այցելությունն ու հարյուր հազարավոր դոլարներ ծախսել՝ այդ թվում և թանկարժեք նվերներ անելով ամերիկացի քաղաքական գործիչներին։

Քեմալ Օքսուզն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչը Բաքվում կոնֆերանսի ժամանակ

Օքսուզը ղեկավարել է «Ադրբեջանի ընկերների ասամբելա»-ն (AFAZ): Սա ԱՄՆ Հյուսթոն քաղաքում հիմնված, հարկերից ազատված, շահույթ չհետապնդող ազդեցիկ մի կազմակերպություն է, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Համաձայն մեզ հասանելի տեղեկությունների՝ կազմակերպության գրասենյակն ավելի ուշ Հյուսթոնից տեղափոխվել է Վաշինգտոն։

«Թեպետ AFAZ-ը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն պաշտոնապես սկսել է գործել միայն 2013 թվականի ապրիլից` Բաքու կոնգրեսականների այցից մոտ մեկ ամիս առաջ։ Կազմակերպությունը ստեղծվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում՝ SOCAR-ի ղեկավարության կողմից, այնուհետև գրասենյակը տեղափոխվել է Վաշինգտոն։ AFAZ-ի գործադիր տնօրենն ու նախագահը Քեմալ Օքսուզն էր։ Այդ ժամանակ նա նաև «Ամերիկացիների և եվրասիացիների թյուրքական խորհրդի» (TCAE) նախագահն էր»,- ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի No. 15-9180 զեկույցում։ Զեկույցի մյուս հատվածում ասվում է. «SOCAR-ի իրավական խորհրդատուն AFAZ-ը որակել է որպես SOCAR-ի՝ ԱՄՆ-ում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Ուշագրավ է, որ SOCAR-ը AFAZ-ի միակ հիմնադիր անդամն էր։ Որպես միակ հիմնադիր անդամ՝ SOCAR-ը նշանակել էր AFAZ-ի տնօրենների խորհուրդը։ Պարոն Օքսուզն այդ խորհրդում նշանակված անձանցից էր։ Ավելի ուշ նա նշանակվեց նաև որպես նախագահ, խորհրդի մյուս անդամները ևս տարբեր գրասենյակներ ղեկավարեցին»։

Սակայն զեկույցի ամենահետաքրքիր մասը վերաբերում է SOCAR-ի հետ Քեմալ Օքսուզի հարաբերություններին։ Հենց նա էր, որ ադրբեջանցի պաշտոնյաներին էր ներկայացնում մյուս թյուրքական, ոչ առևտրային կազմակերպություններն ու կոորդինացնում էր Ադրբեջանի հետ կապված թյուրքական կողմի քայլերը։

Ադրբեջանական SOCAR-ի գումարային փոխանցումները Ադրբեջանի միջազգային բանկին

«Օրինակ, պարզվում է, որ դեպի Բաքու 2013 թվականի այցից հետո Օքսուզն աշխատել է մի շարք թյուրքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ և կոնգրեսականների կողմից նամակներ ու տեսաուղերձներ է հղել Ադրբեջանի նախագահին։ SOCAR-ի խորհրդականը նշել է, որ «SOCAR-ի նախագահը, (Ադրբեջանի-խմբ.) խորհրդարանի խոսնակն ու դեսպանը գնահատում են Քեմալի կարծիքը»,- ասվում է զեկույցում։ Նույն զեկույցից իմանում ենք նաև, որ հենց SOCAR-ն է, որ Օքսուզին ընտրել է որպես AFAZ-ի նախագահ։

Համաձայն Houston Chronicle-ում 2014 թվականին լույս տեսած հոդվածի՝ AFAZ-ը գործում է որպես «SOCAR-ի հասարակայնության հետ կապերի ամերիկյան մասնաճյուղ», որն ամբողջությամբ վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ AFAZ-ը Ռաուֆ Մամեդովին՝ SOCAR-ի ամերիկյան տնօրենին թվարկում է որպես իր գանձապահ։

Համաձայն  The Sunlight Foundation-ի տվյալների, ավելի վաղ՝ 2013 թվականին AFAZ-ը, Ադրբեջանի դեսպանության հետ համատեղ աշխատանքի միջոցով օգնել է կազմակերպել միջոցառում Վաշինգտոնի Կապիտոլիումում՝ նվիրված այսպես կոչված Խոջալուի դեպքերին։ Ընդ որում, 2014 թվականին The Sunlight Foundation-ի հետ էլեկտրոնային նամակագրության ժամանակ Օքսուզը հերքել է ցանկացած կապ SOCAR-ի հետ. «AFAZ-ը ոչ լոբբիստական, ոչ էլ էներգետիկ կազմակերպություն է։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ լիցենզավորված պետական հարկային ծառայության կողմից։ AFAZ-ը չի ներկայացնում ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ Վաշինգտոնում այդ երկրի դեսպանությունը։ Հետևաբար, ես գաղափար չունեմ՝ արդյոք AFAZ-ը պետք է գրանցված լինի արդարադատության դեպարտամենտում, թե ոչ։ Ես պետք է խորհրդակցեմ մեր իրավաբանի հետ»,- գրել էր Օքսուզը՝ այնուհետև ավելացնելով. «Ավելին, AFAZ-ը SOCAR-ի ԱՄՆ մասնաճյուղը չէ»։

Օքսուզի նամակը The Sunlight Foundation-ին

Այս նամակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օքսուզը հերքել է AFAZ-ի կապը SOCAR-ի հետ, սակայն կոնգրեսի հետաքննությունը որևէ կասկած չի թողնում այն մասին, որ AFAZ-ը գործել է ադրբեջանական նավթադոլարներով, և որ Օքսուզը անձնական ծանոթություններ է ունեցել շատ ադրբեջանցի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, թերևս գուցե նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս պատմության արդյունքում Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Քեմալ Օքսուզի դեմ՝ փաստաթղթերի կեղծման ու ամերիկյան օրենսդիրների համար կազմակերպած ուղևորության ֆինանսավորման իրական աղբյուրները թաքցնելու համար։ Հայտնի չէ, թե երբ ու ինչպես է նա լքել ԱՄՆ-ն ու որտեղ է գտնվել այն ժամանակ, երբ ամերիկյան իրավապահ մարմինների կողմից հայտարարվել է հետախուզման մեջ։

Ի լրումն այս ամբողջ պատմության՝ պարզվում է, որ Քեմալ Օքսուզը ներգրավված է նաև «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային գործում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների ներգրավմամբ հայտնի այս կոռուպցիոն սկանդալային գործը բացահայտել էր Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագիծը (Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP)։ Պարզվել էր, որ Ադրբեջանը փողերի լվացման և կեղծ հիմնադրամների միջոցով երկու տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունում գրանցված չորս կազմակերպության միջոցով շուրջ 2.9 մլրդ ԱՄՆ դոլար էր դուրս հանել երկրից տարբեր եվրոպացի պաշտոնյաների կաշառելու նպատակով։

Մայիսին հրապարակված OCCRP զեկույցի մի մասում, որը կրում էր «Բաքվի մարդն ԱՄՆ-ում» խորագիրը, հաղորդվում էր, որ «Ադրբեջանական լվացքատան» գումարների ստացողներից մեկը «ադրբեջանական ծագում ունեցող ազդեցիկ ամերիկացի նավթային ու գազային հարցերով խորհրդատու էր, ով աշխատում էր ազդել ԱՄՆ քաղաքականության վրա՝ ի շահ իր երկրի»։ Այս մարդը, ում անունն Ադիլ Բագիրով է, իր հերթին կապված էր ԱՄՆ օրենսդիրների խնդրահարույց այն այցի հետ, որը կազմակերպել էր Օքսուզը։ «Օհայո նահանգի Դեյթըն քաղաքում գրանցված բիզնես ունեցող և ադրբեջանական սփյուռքի հայտնի դեմք համարվող Ադիլ Բագիրովը ստացել է 253,150 ԱՄՆ դոլար մի քանի ամիս անց այն բանից հետո, ինչ նրա ղեկավարած բարեգործական կազմակերպությունը՝ Հյուսթոնում գործող US Azeris Network-ը, օգնեց կոնֆերանս կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցեցին նաև Կոնգրեսի 10 անդամները։ Այս այցը մեծ քննադատության ենթարկվեց և հետաքննվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովի կողմից այն բանի համար, որ գաղտնի կերպով ֆինանսավորվել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից»,- ասվում է OCCRP զեկույցում։

Ադրբեջանի օգտին Վաշինգտոնում Բագիրովի լոբիիստական գործունեությունն ավելի խորը արմատներ ունի, քան միայն 2013 թվականի Բաքվի կոնֆերանսը։ «Նա օգնել է Վաշինգտոնում կազմակերպել ադրբեջանա-ամերիկյան այլ համաժողովներ ևս, եղել է Կոնգրեսի ադրբեջանական խորհրդի համակարգողը, նշանակալի պաշտոն է զբաղեցրել Հյուսթոնում գործող մի ընկերությունում, որը հայտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սպիտակ տուն կազմակերպելու մասին։ Հայտնի է, որ Բագիրովը և նրա ընտանիքը սերտ կապի մեջ են նախագահ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահն անգամ մեդալ է հանձնել Բագիրովին ԱՄՆ-ում իր կատարած աշխատանքի համար»,- նշվում է զեկույցում։

Բագիրովը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ

Բագիրովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

«Կոնֆերանսի բյուջեն ենթադրաբար կազմել է 1.5 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն ինչպես երևում է, դրա կազմակերպիչները խնդիրներ են ունեցել անհրաժեշտ գումարների ապահովման հարցում։ ConocoPhilips-ի երկու մենեջերներ ասել են հետաքննիչներին, որ ընդունող երկու կազմակերպությունների նախագահ Քեմալ Օքսուզը կորպորացիայից խնդրել է 250 հազար ԱՄՆ դոլարի հովանավորչություն։ Սակայն այն ի վերջո համաձայնել է տրամադրել միայն 10 հազար ԱՄՆ դոլարը, նույն կերպ են վարվել նաև մյուս երկու հովանավորները՝ McDermott-ը և BP-ն։

Զեկուցողները որևէ ապացույց չեն գտել, որ Բագիրովը կամ իր շահույթ չհետապնդող կազմակերպությունն օգնել է կոծկել գումարի պակասորդը։ Սակայն հայտնի է, որ նրա խորհրդատվական ընկերությունը վեց ամիս անց «Ադրբեջանական լվացքատնից» ստացել է 253.150 ԱՄՆ դոլար»,- հայտնում է OCCRP-ն։

Ինչպես արդեն նշեցինք, գործիչն ԱՄՆ-ում գյուլենական շարժման ակտիվ դեմքերից էր: «Օքսուզը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնք առնչություն են ունեցել այսպես կոչված գյուլենական շարժման հետ»,- 2015 թվականին գրել է Houston Chronicle-ը։

Տարբեր լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություններից կարող ենք հետևել Օքսուզի գործողություններին՝ հետ գնալով ընդհուպ մինչև 2003 թվականը, երբ Chicago Tribune-ը հոդված էր հրապարակել այն մասին, թե թուրքական ծագմամբ ամերիկացին ծրագրում է Իլինոիսում բացել նոր մշակութային կենտրոն։ Թուրքական ծագմամբ այդ ամերիկացին, ով լինելու էր կենտրոնի տնօրենը, նույն Քեվին Օքսուզն էր։ Վերջինս հայտնել էր, որ իրենք նախատեսում են բացել միջմշակութային կենտրոն, որտեղ իրականացվելու էին ծրագրեր կենտրոնի անդամների «կարիքներին, ակնկալիքներին ու պահանջներին» համապատասխան։ «Կենտրոնի անդամակցությունը բաց է լինելու բոլոր կրոնական ու էթնիկ խմբերի համար»,- այն ժամանակ Chicago Tribune-ին ասել էր Օքսուզը։ Ենթադրվում է, որ այս մշակութային կենտրոնը եղել է աշխարհի տարբեր երկրներում այդ տարիներին ակտիվորեն բացվող գյուլենական  դպրոցների ու մշակութային կենտրոնների ցանցի մի մասը։ Չի բացառվում, որ ԱՄՆ տարբեր նահանգներում ևս Օքսուզը նման կենտրոններ է բացել։

Այս ուսումնասիրություններից հետո որքան էլ որ տարօրինակ ու հակասական թվա Քեմալ Օքսուզի անցյալը, այդուհանդերձ առավել տարօրինակ է այն փաստը, որ նրա պատմությունն «ավարտվեց» Երևանում ձերբակալությամբ։ Թեպետ հայտի չէ, թե հստակ երբվանից է թուրք գործիչը հաստատվել Հայաստանում, սակայն «Արմենպրես»-ի հետաքննությունը պարզեց, որ նա 2017 թվականից գրանցված գործունեություն է ծավալում մեր երկրում։ Նրա ընկերության ՝ The Sena Group-ի գրասենյակը գործում է Երևանի կենտրոնում տեղակայված բիզնես կենտրոններից մեկում՝ «Էլիտ պլազա»-ում, ինչը, թերևս, պակաս ուշագրավ հանգամանք չէ, եթե հաշվի առնենք Օքսուզի հակահայկական լոբբիստական գործունեության երկար տարիներն ու Ադրբեջանի ղեկավարության հետ նրա սերտ կապերը։

Թեպետ նրա ընկերության հեռախոսահամարն այս օրերին անհասանելի է, սակայն բիզնես կենտրոնից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին, որ իրենց մոտ պաշտոնապես գրանցված է Քեվին Օքսուզի ընկերությունը՝ որպես միջոցառումների կազմակերպման ու ճանապարհորդական ընկերություն։

Մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե արդյոք նա Հայաստանում այլ գործունեություն ևս ծավալել է, թե ոչ։

Քեմալ Օքսուզի գործն այս պահին ՀՀ ոստիկանության իրավասության դաշտում է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Քեվին Օքսուզի սկանդալային անցյալն ու Հայաստանում ծավալած գործունեությունը. «Արմենպրես»-ը գնացել է Օքսուզի ձերբակալման հետքերով. ՄԱՍ 1

Հետաքննությունը Ստեփան Քոչարյանի և Արաքս Կասյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ