Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Դուք կարող եք փոխել Հայաստանն ու աշխարհը. ՀՀ նախագահի շնորհավորանքը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Դուք կարող եք փոխել Հայաստանն ու աշխարհը. ՀՀ նախագահի շնորհավորանքը 
Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելինե՛րս,

Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաեւ առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին եւ դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը: 

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ,

Այս օրն իսկապես հիշարժան է եւ այն մշտապես ձեզ հետ է լինելու: Հարցրեք առաջին անգամ ձեզ դպրոց ուղեկցած ձեր ծնողներին, ձեր տատիկներին ու պապիկներին այդ օրվա մասին ջերմ ու թանկ հիշողությունները ուղեկցում են նրանց ողջ կյանքում: 

Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: Ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը: 

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում՝ միտքը փոխակերպելով տեխնոլոգիայի, հմտությունը՝ փորձառության, երեւակայությունը՝ իրականության: 

Երկիրը հայրենիք է նաեւ ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն: Հավատացեք ձեր հնարավորություններին եւ կարողություններին:
Դուք կարող եք փոխել Հայաստանը: Դուք կարող եք փոխել աշխարհը:

Խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ հաջողություն բոլորիդ»:




RSS x
БелТА

youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ