1000х90.jpg (78 KB)

Դուք կարող եք փոխել Հայաստանն ու աշխարհը. ՀՀ նախագահի շնորհավորանքը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Armenpress 12:21, 1 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելինե՛րս,

Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաեւ առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին եւ դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը: 

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ,

Այս օրն իսկապես հիշարժան է եւ այն մշտապես ձեզ հետ է լինելու: Հարցրեք առաջին անգամ ձեզ դպրոց ուղեկցած ձեր ծնողներին, ձեր տատիկներին ու պապիկներին այդ օրվա մասին ջերմ ու թանկ հիշողությունները ուղեկցում են նրանց ողջ կյանքում: 

Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: Ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը: 

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում՝ միտքը փոխակերպելով տեխնոլոգիայի, հմտությունը՝ փորձառության, երեւակայությունը՝ իրականության: 

Երկիրը հայրենիք է նաեւ ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն: Հավատացեք ձեր հնարավորություններին եւ կարողություններին: Դուք կարող եք փոխել Հայաստանը: Դուք կարող եք փոխել աշխարհը:

Խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ հաջողություն բոլորիդ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am