Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
12:55, 31 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին օգոստոսի 31-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:
Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության օրակարգի առավել ընդլայնմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում