Հայաստանը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ծրագրեր կներկայացնի
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլերի` Հայաստան կատարած այցի կարևոր ձեռքբերումը երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված բանակցություններն են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այցի ընթացքում տարբեր մակարդակներում կայացած հայ-գերմանական հանդիպումների ընթացքում մշտապես խոսվել է հայ-գերմանական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու երկկողմ հանձնառության մասին: Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ»,- ասաց Նաղդալյանը:
Մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` այցի հաջորդ կարևոր հանգամանքը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին կատարված անդրադարձն է:
«Այս շրջանակում քննարկվել է վիզաների ազատականացման հարցը, որի վերաբերյալ մենք ստացանք գերմանական կողմի հստակ հավաստիացումները»,- նշեց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ` հայկական կողմը երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ու ծրագրեր է ներկայացնելու և արդեն հանձնառու է եղել այդ գործին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում