Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Անգելա Մերկելը Հայաստանը լավ օրինակ է համարում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության առումով

Անգելա Մերկելը Հայաստանը լավ օրինակ է համարում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ 
արդյունավետ համագործակցության առումով

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է օրինակ լինել, թե ինչպես կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրոպական Միության հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցություն ծավալելու շուրջ ու այդ հարցում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:

«Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Իհարկե, հնարավորությունները շատ չէն, Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրի գոտի է: Իհարկե, կան շատ լավ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել:  Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նման քայլի գնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: «Բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանը ունի նաև Եվրոպական Միության  հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ ռեժիմը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնել առևտրաշրջանառության ծավալը Միության հետ: Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի,  այլ որակական իմաստով փոփոխություն մտցնել մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ