ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածությունները կապահովեն կառույցի գործունեության համար անհրաժեշտ պայմանները. Փաշինյան
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով անդամ երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Սանկտ Պետերբուրգում ընթացող եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում այս մասին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալության և հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:
«Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ նեղ կազմով նիստի ընթացքում արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ են փոխանակվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում