Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար

Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար

ԱՐՑԱԽ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության երիտասարդության մեծ մասն իր կյանքը միայն հայրենի հողում է պատկերացնում:

 Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Բնականաբար, երիտասարդների մի մասը իր ապագան այստեղ չի պատկերացնում, բայց տարբեր քայլեր ենք ձեռնարկում այդ երիտասարդների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ապահովել զբաղվածության համամասնությունը Շուշիի, Ստեփանակերտի ու գյուղերի միջև, որպեսզի երիտասարդները կենտրոնանան ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև կարողանան իրենց կյանքն ապահովել հանրապետության մյուս շրջաններում»,- նշեց նախարարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար է նշանակվել 2018-ի հուլիսի 2-ին: Հովհաննիսյանի խոսքով՝ երկար տարիներ նախարարի տեղակալ աշխատելուց հետո այս առաջարկն իր համար անակնկալ չի եղել:

«Քանի որ ՀՅԴ անդամ եմ, առաջարկը ստանալուց հետո քննարկեցինք մեր ԱՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեում, և կուսակցությունը դեմ չեղավ, որ իմ աշխատանքները շարունակեմ գործադիրում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Երեք խոշոր ոլորտները ղեկավարող Լեռնիկ Հովհաննիսյանը մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի մեջ տարբերություն չի դնելու, բայց մասնագիտությամբ ազգագրագետ նախարարը նախասիրություններ, այնուամենայնիվ, ունի:

«Որպես ազգագրագետ, բնականաբար, իմ նախասիրությունը մշակույթն է, բայց որպես նախարար այդ երեք ոլորտներն էլ ինձ համար հավասար են, և պետք է այնպես անենք, որ երեք ոլորտների զարգացումն էլ անպայման ապահովենք»,- նշեց Հովհաննիսյանը:

Նորանշանակ նախարարը լուրջ խնդիրներ է տեսնում հատկապես զբոսաշրջության ոլորտում: Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկներն Արցախ գալուց խուսափում են միայն այն պատճառով, որ այն դրսում ներկայացվում է որպես պատերազմի մեջ գտնվող երկիր:

«Պետք է այնպես անենք, որ Արցախի վրայից վերացնենք «պատերազմող երկիր» անվանումը, որպեսզի զբոսաշրջիկները գան, տեսնեն, որ Արցախում կյանքն ընթանում է իր բնական հունով, և կարելի է հաճելի հանգիստ անցկացնել այստեղ»,- ասաց նախարարը:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախում քիչ են նաև երիտասարդական ժամանցի վայրերը, սակայն այս խնդիրը լուծելու ուղղությամբ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում:

«Ժամանցի վայրերը քիչ են, որովհետև դրանք մասնավոր ներդրումների հետ են կապված, երբեմն բացվում են այդպիսի վայրեր, բայց շատ շուտ էլ փակվում: Մենք փորձում ենք երիտասարդական ու մշակութային կյանքն Արցախում ակտիվացնել բացօթյա համերգների միջոցով: Մեր երիտասարդական խմբերը երեկոյան ժամերին տարբեր հրապարակներում ու տեսարժան վայրերում հասարակության համար ելույթներ են ունենում»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նորանշանակ նախարարն արդեն երեք ոլորտներում համագործակցության նպատակներ ունի նաև Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ և չի պատրաստվում իր ծրագրերը թողնել թղթի վրա:

Նորայր Շողիկյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ