Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

 Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ 
համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:  
«Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել:
Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման և ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը:
 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործունեության ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամկետի խախտման: Բացի այդ, օգոստոսի մեկին կավարտվեն նաև ՀԱԷԿ-ի ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքները և այն կվերագործարկվի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել է մեր երկրում միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև միջուկային վառելիքի թափոնների պահպանմանն ու հետագա վերամշակմանն ուղղված հարցեր:  
Այնուհետև վարչապետին են ներկայացվել Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, հիդրոէներգետիկայի ոլորտում առկա իրավիճակն ու հնարավոր ծրագրերը:
Նշվել է, որ հատկապես արևային էներգետիկայի ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, մի շարք ներդրողներ ներկայացրել են ներդրումային ծրագրեր իրականացնելու հայտեր: Ավարտվել է նաև Մասրիկ-1 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ծրագրի ներդրողների մրցույթը, որում  ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V եւ իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը և ճանաչվել հաղթող: Նախարար Գրիգորյանը զեկուցել է, որ առաջիկա օրերին նշված ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ կայանի կառուցման պայմանագիրը ստորագրելու նպատակով:
 Վարչապետը ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, միաժամանակ, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին և հավելել. «Ծրագրերի շրջանակում պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որևէ գործողություն է արվում: Դա պետք է ուղղակի բացառել: Եթե նախագիծը լավն է, պետք է կարողանան մարդկանց համոզել, որ այն լավն է: Այստեղ պետք է վճռական նշանակություն ունենա համայնքների տեսակետը: Սա վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգին, այլ ընդհանրապես ցանկացած նախագծի իրագործմանը: Ի վերջո, պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքների շահերը»:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները և քայլեր ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ: 
  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am