Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ 
բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է. 

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից  բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3  ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է  այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Նկատի ունենալով, որ  վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ  պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի   131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am