Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող, այլ անվտանգություն ապահովող երկիր է. Նարեկ Մինասյանը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող, այլ անվտանգություն ապահովող երկիր է. 
Նարեկ Մինասյանը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածում տեղ գտած ձևակերպումները որոշակի հակասականություն են  պարունակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Ն. Փաշինյանի այցը Բրյուսել՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում: 

Նախ պետք է նշել, որ բրյուսելյան այցը կրում էր ճանաչողական բնույթ, քանի որ սա վարչապետի պաշտոնում Ն. Փաշինյանի առաջին այցն էր Բրյուսել և ընդհանուր առմամբ այն կարելի է գնահատել դրական:

Ինչ վերաբերում է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին, ապա այցը բավական կարևորվեց այդ կառույցի և առանձին անդամ երկրների ղեկավարների հետ շփումներով, ինչն էական նշանակություն ունի կապերի հաստատման, տարբեր խնդիրների վերաբերյալ տեսակետների փոխանակման առումով: Այցի շրջանակներում անհրաժեշտ է առանձնացնել հատկապես վարչապետի մասնակցությունը Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որի շրջանակներում վարչապետ Ն. Փաշինյանը հանդես եկավ նաև ելույթով:

2010 թվականից ի վեր Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, և այսօր շուրջ 130 հայ զինծառայողներ շարունակում են ծառայություն իրականացնել այդ երկրում: Հատկանշական է, որ մասնակցությունն այդ առաքելությանը ոչ միայն նպաստում է մեր զինծառայողների հմտությունների զարգացմանը, այլ նաև բավական դրական է անդրադառնում Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Ըստ էության դա հստակ ցուցիչ է, որ Հայաստանը ոչ թե անվտանգության սպառող, այլ անվտանգություն ապահովող երկիր է:

Մամուլում շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ ՆԱՏՕ-իգագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածի հետ կապված: Ի՞նչ շեշտադրումներ են առկա այդ հատվածում:

Ըստ էության, ՆԱՏՕ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածը գրեթե նույնությամբ կրկնում է 2016թ.-ի հուլիսին Վարշավայի գագաթաժողովի եզրափակիչ ակտում տեղ գտած ձևակերպումները: Պետք է նշել, որ այդ ձևակերպումները որոշակի հակասականություն են պարունակում, ինչը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կողմից տարբեր հակամարտությունների նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու ոչ այդքան օբյեկտիվ մոտեցման արդյունք: Փաստաթղթում նշված է, որ կառույցն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ ամրագրվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում  է աջակցել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների (այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության) խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան: Ըստ էության, այս ձևակերպմամբ անուղղակի հղում կա նաև ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին, որն, ինչպես հայտնի է, հանդիսանում է Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևոր սկզբունքներից մեկը:

Այս ձևակերպումային հակասականության մասին հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնել է՝ կոչ անելով հակամարտությունների հետ կապված որդեգրել տարբերակված  մոտեցում, որը հաշվի կառնի նաև դրանց առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ, հստակ շեշտվել է, որ ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն և մանդատ չունի և նման զգայուն հիմնախնդրի հետ կապված ցանկացած չհավասարակշռված մոտեցում կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Տարբեր տարիների ՀՀ իշխանությունները որոշակի վերապահումներով են մոտեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին մասնակցելու խնդրին՝ ձևակերպումային խնդիրներով պայմանավորված: Օրինակ, եղել են տարիներ, երբ հայկական կողմը պարզապես որոշել է չմասնակցել գագաթաժողովներին: Եղել են նաև տարիներ, օրինակ, 2014թ. Ուելսում, 2016թ. Վարշավայում և, ինչպես տեսանք նաև այս տարի՝ Բրյուսելում, հայկական կողմը մասնակցեց գագաթաժողովին՝ այդ հարթակը հնարավորինս արդյունավետ օգտագործելով իր առաջնահերթությունները, մոտեցումներն ու տեսակետները բարձրաձայնելու համար, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այս ամենի ամենաակնառու դրսևորումներից էր, թերևս, վարչապետի ելույթը ՆԱՏՕ-ում, որտեղ Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը ներկայացվեց հետաքրքիր և նորարարական մոտեցմամբ, ինչը, կարծում եմ, բավական արդյունավետ էր:

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ