Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Եթե որեւէ մեկը փորձի արատավորել իմ անունը, պաշտպանելու եմ պատիվս դատարանում. Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ եթե որևէ մեկն այսուհետ փորձի արատավորել իր անունը, ապա կպաշտպանի իր պատիվը դատարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շարմազանովն այս հայտարարությունն  արել է ի պատասխան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ ֆեյսբուքով արած հրապարակմանը:

«Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»:

Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ եւ դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով, ոչ թե որեւէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբեւէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաեւ նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել եւ հասանելի ցանկացած քաղաքացու համար»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Նա հիշեցրել է, որ մշտապես հայտարարել է և այժմ էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ բաց է օրենքով սահմանված ստուգումների համար: «10 տարի ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն: Երբեւիցե ուղիղ կամ միջնորդավորված պետական գնումների որեւէ գործընթացի չեմ մասնակցել, որեւէ ապրանքի ներկրման եւ արտահանման գործարքում նույնիսկ միջնորդավորված չեմ եղել:

Եթե կապացուցվի, որ ես երբեւէ անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել եմ հանրային միջոցներից, պետական բյուջեից, երբեւէ մասնակցություն եմ ունեցել որեւէ անօրինական գործարքի կամ եղել եմ որեւէ կոռուպցիոն սխեմայում, պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը եւ մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում: Սթափվեք, տիկնայք եւ պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է»,- հայտարարել է Շարմազանովը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ