ՀՀ նախագահը «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները համտեսեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատրաստած համբուրգերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահն ու նրա տիկինն «Օրրան» էին այցելել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Երեխաների տոնը միայն հունիսի 1-ին չէ, այլ 365 օր շարունակ»,- սաների հետ հանդիպմանն ասաց նախագահ Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն այցի ընթացքում իր ձեռքով տապակեց միսն ու տիկնոջ հետ համբուրգերներ պատրաստեց երեխաների համար: Նախագահը կատակեց՝ տիկինը՝ Նունե Սարգսյանը, կփաստի, որ խոհանոցում իր փայլուն գործը եղել է ձվածեղ պատրաստելը: «Եվ այսօր պիտի առաջին քայլն անեմ ու համբուրգեր պատրաստեմ»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանն ու տիկինը երեխաների հետ միասին սեղան նստեցին: Սակայն նախ երեխաները երգեցին, այնուհետև անցան ուտելուն:
9-ամյա Լիլի Մկրտչյանը փաստում է՝ համբուրգերն իսկապես շատ համեղ է: Նաև հավելում է՝ շատ կուզի՝ նախագահը կրկին այցելի իրենց:
Երեխաները մեկ առ մեկ ծանոթացան Նախագահի ու նրա տիկնոջ հետ, երգելով էլ ճանապարհեցին նրանց:
«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ «Օրրան»-ի առաքելություններից է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին: Այս պահին Երևանի կենտրոնն ունի 115 երեխա, իսկ Վանաձորինը՝ 125: «Օրրան»-ն ունի նաև տարեցների ցերեկային խնամքի ծառայություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում