Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ առկա մեծ վստահության մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Վարչապետն առանձնակի շեշտել է գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկրում առկա են ֆրանսերենի ուսուցման լավ ավանդույթներ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի այդ լեզվի ուսուցմանը հայ ժողովրդի շրջանում:

Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև տեղի ունեցած իշխանափոխության ընտրված ձևի և բովանդակության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ֆրանկոֆոն պետությունների ուշադրության կենտրոնում և նշել, որ դրանց արդյունքում Հայաստանը դարձել է օրինակելի պետություն: «Տիկին գլխավոր քարտուղարը խնդրել է փոխանցել, որ ինքը վստահում է Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման հարցում: Վստահ ենք, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով»,- ասել է Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև գագաթնաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ