Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»:
Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորվող ինքնաթիռը մայիսի 18-ին կործանվել էր: 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել, թեպետ նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Կուբայում կատարվածի առնչությամբ սուգ է հայտարարվել: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում