1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սրբուհի Սարգսյանն ամռանը կմեկնի արտերկիր համերգային շրջագայության

Սրբուհի Սարգսյանն ամռանը կմեկնի արտերկիր համերգային շրջագայության

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «X-Factor», «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Ուկրաինայում անցկացված մրցույթի մանրամասների և իր ծրագրերի մասին: Նա նշեց, որ աշխատում է նոր ստեղծագործությունների, տեսահոլովակի վրա և պատրաստվում է ամռանը մեկնել արտերկիր համերգային շրջագայության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սրբուհի Սարգսյանը 2018-ին կայացած «Ուկրաինայի ձայնը» նախագծի շրջանակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Նա հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում: Սրբուհին խոստովանեց, որ որպես մարզիչ ընտրել է Պոտապին, քանի որ նա իրեն շատ հարազատ էր: «Երբ բեմում էի, զգում էի Պոտապի դրական էներգիան:  Հասկացա, որ նա ինձ պաշտպանում է, և չի ցանկանում, որ որևէ մեկն ինձ նեղացնի»,-ասաց Սրբուհին:

Անդրադառնալով նախագծի շրջանակում «Human» երգը երգելիս էկրաններին Ադրբեջանի դրոշի հայտնվելուն` երգչուհին շեշտեց, որ փորձերի ժամանակ հետևել է լեդ էկրաններին, և ամեն ինչ կարգին է եղել: Սրբուհին որոշել է երգել հենց այդ մարդասիրական ստեղծագործությունը, քանի որ այդ օրերին Հայաստանի քաղաքական կյանքում շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում, և ինքը ցանկանում էր ինչ-որ կերպ խոսել այդ  մասին: Ըստ բեմադրության` էկրանին  պետք է հայտնվեին Հայաստանի և Ուկրաինայի դրոշները:

Սրբուհի Սարգսյանը խոստովանեց, որ ելույթի ընթացքում նկատել է նախագծի անձնակազմի խուճապը: «Չեմ կարծում, որ դա բեմադրված իրարանցում էր: Բոլորը վազում էին այս ու այն կողմ ու լեդերին մատնացույց անում: Այդ ժամանակ ինձ թվում էր` ես այնքան լավ եմ երգում, որ մարդիկ խառնվել են իրար (Ժպտում է):  Պարզվեց, որ իմ հետևում Ադրբեջանի դրոշն է: Ելույթից հետո երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ո՞վ կարող էր նման բան անել:  Ասեմ, որ  ինձ անգամ ադրբեջանցիներն են գրել:  Նրանց թվում էր, թե ադրբեջանական դրոշը մտածված է հայտնվել իմ հետևում, և ինձ խաղաղության հրեշտակ էին անվանում: Ոչ ոքի  չեմ պատասխանել, ոչինչ չեմ բացատրել, բայց հաճելիորեն զարմացել էի նրանց արձագանքից»,-ասաց երգչուհին:

Նախագծի կազմակերպիչները պաշտոնապես ներողություն են խնդրել Սրբուհուց թյուրիմացության համար և ուղղել սխալը:

Մրցույթի կազմակերպիչները Սրբուհուն հավաստիացրել են, որ «Ուկրաինայի ձայնը» նախագծի ողջ պատմության մեջ ինքը միակ օտարազգի մասնակիցն է, ով անցել է եզրափակիչ փուլ և այդքան սիրվել:

Լրագրողի այն հարցին, թե որտեղի՞ց է այն էներգիան, որով երգչուհին կարողանում է գրավել երաժշտասերներին, Սրբուհին խոստովանեց, որ երաժշտական ընտանիք ունի և նրանցից է ժառանգել ամեն բան: «Պապիկս և հայրս բնությունից օժտված մարդիկ են, հզոր ձայներ ունեն` չնայած երբեք պրոֆեսիոնալ երգով չեն զբաղվել:  Հիշում եմ, երբ ես փոքր էի, նրանց երգելու ընթացքում բոլորը  քարացած լսում էին ու բուռն ծափահարությունների արժանացնում: Նրանց էներգիան է ինձ փոխանցվել»,-ընդգծեց նա:

Երգչուհին անդրադարձավ նաև «Եվրատեսիլ 2018»-ին և նշեց, որ շատ է հավանել Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի ելույթը: Սրբուհին կարծում է, որ Սևակը  արժանի էր անցնել եզրափակիչ: «Ըստ իս` Սևակը հզոր երգիչ, արտիստ և երաժիշտ է: Ցանկանում եմ, որ նա չկոտրվի և շարունակի աշխատել նույն ոգով»,-եզրափակեց Սրբուհին:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994  թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությանը ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:

2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]