Տնտեսություն

Ամուլսարի ոսկու հանքավայրում իրականացվող բոլոր աշխատանքները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան

8 րոպեի ընթերցում

Ամուլսարի ոսկու հանքավայրում իրականացվող բոլոր աշխատանքները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ուշադիր և հետևողական է Ամուլսարի ոսկու հանքում իրականացվող ցանկացած աշխատանքի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը խոսեց Ամուլսարի ոսկու հանքավայրում ջրի որակի, շրջակա համայնքների վրա ազդեցությունների, հանքի շահագործման փակման և մի շարք այլ հարցերի մասին։

Ժամանակակից հանքարդյունաբերություն

Ժամանակակից հանքարդյունաբերության առումով հայկական հանքարդյունաբերության ոլորտում բավականին գործ կա անելու։ Մեր գործընկերներից շատերը պարտավորվել և քայլեր են ձեռնարկում ժամանակակից հանքարդյունաբերության բարձր մակարդակի հասնելու համար։ Ամուլսարի հանքավայրի կոլեկտիվն այն եզակիներից է, որն այս պահին շանս ունի ժամանակակից հանքարդյունաբերության մոդելով նախագծել քայլերը, իրականացնել շինարարական աշխատանքներ և հետո թևակոխել արդյունաբերական փուլ։ Հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքներ սկսելու համար կան նաև չափորոշիչներ, և մենք առաջնորդվում ենք և՛ հայկական, և՛ միջազգային չափորոշիչներով։ Որոշ դեպքերում հայկական օրենսդրությունն ավելի խիստ է, քան միջազգայինը։ Մենք համեմատել ենք միջազգային և հայկական չափորոշիչները ու ամենախիստերին ենք հետևել՝ մեր մոտեցումն է եղել այդպիսին։

Ազդեցություն ջրի որակի վրա

Մենք մի մոտեցում ունենք՝ չաղտոտենք, որպեսզի հետ աղտոտման հետ գործ չունենանք։ Աշխատել ենք աղտոտման կանխարգելման մեթոդով, կառավարում ենք բոլոր արտազատվող ջրերը։ Ընկերությունը չի թողնում, որպեսզի ջուրը հոսի «ըստ ցանկության», որովհետև ջուրը նախագծի համար շատ մեծ արժեք է ներկայացնում։ Ջուրը տեղում ճիշտ կառավարելով՝ ծախսն ավելի քիչ կլինի, քան մեկ այլ տեղից ջուր վերցնելը։ Նմանատիպ հանքարդյունաբերական ծրագրերը բավականին ջրածախսատար են, և պետք է տեղում կառավարել ջրերի հոսքն այնպես, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործվեն։ Կույտային տարրալվացման հարթակը փակ շրջանառու համակարգ է, և միջադիր շերտեր են նախագծված այնպես, որ ոչ մի հեղուկի արտահոսք չլինի։ Սակայն, եթե անհավանական դեպքեր լինեն և, այնուամենայնիվ, արտահոսք լինի՝ նախագծված են նաև հեղուկի վերականգնման համակարգեր։ Ամբողջությամբ փակ շրջանառվող համակարգ է և, իհարկե, պարտադիր պետք է այդ ամենը մոնիթորինգ արվի: Ամբողջ պարագծով ջրերի հորեր են նախագծված։ Որտեղ կա ջուր՝ անընդհատ պետք է կառավարվի: Ավելցուկի դեպքում էլ մենք այս պահին պասիվ մաքրման կայաններ ենք նախագծում և փորձարկումներ իրականացնում Գորայք գյուղում։ Արդեն լավ հաջողություններ ենք գրանցել և վստահ ենք, որ այդ ամենը կաշխատի՝ պասիվ մաքրման կայաններ կտեղադրվեն, ավելցուկային ջրերի դեպքում դրանք կմաքրվեն և բաց կթողնվեն շրջակա միջավայր։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ կա կոնտակտային ջուր, անկախ նրանից այն աղտոտված է, թե ոչ՝ պետք է անցնի այդ համակարգով։ Հանքի համապատասխան կառավարման դեպքում շրջակա ջրային ռեսուրսների, հողի, օդի կամ այլ ընկալիչների որակի փոփոխություն չի լինի։ Եվ, իհարկե, ավելորդ է խոսել մարդկանց առողջության վրա ազդեցության մասին։ Ժամանակակից հանքերի ազդեցությունը այդ առումով պետք է զրո լինի։

Կույտային տարրալվացում

Կույտային տարրալվացման մեթոդը լայնորեն կիրառվում է առաջատար հանքարդյունաբերական երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։ Կույտային տարրալվացման դեպքում պոչամբար չկա։ Արտադրության մեջ կիրառվող լուծույթը փակ շրջապտույտ է կատարում և շրջակա միջավայր ոչ մի արտադրական արտահոսք չի լինում։ Բացահանքից դուրս է գալիս երկու տեսակի ապար՝ արդյունահանվող մետաղ պարունակող հանքաքար և դատարկ ապար։ Մանրացվելուց հետո հանքաքարը փոխակրիչով տեղափոխվում է կույտային տարրալվացման հարթակ, որտեղ կորզվում է ոսկին։ Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվում է ցիանիդի նոսր լուծույթը, այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվում է հատուկ ավազան, որտեղից մղվում է ոսկու կորզման գործարան։ Ոսկին և արծաթը կորզելուց հետո հեղուկին ավելացվում է ցիանիդ, քանի որ արտադրական գործընթացում անընդհատ ավելացվում է նոր հանքաքար։ Արտաքին միջավայր հեղուկ չի գնում՝ լուծույթն ամբողջությամբ նորից մղվում է արտադրական պրոցես։ Կույտային տարրալվացման հարթակն ունի պաշտպանիչ մի քանի շերտ՝ արտահոսքը կանխելու համար։ Սա լիովին փակ ցիկլ է, որի ընթացքում արդյունաբերական նյութն անընդհատ պտտվում է համակարգում։ Հանքի փակումից հետո մի քանի ամիս շարունակ նույն համակարգով ավելացվում է միայն ջուր, առանց ցիանիդի, մինչև որ կույտը լիովին մաքրվի ցիանիդից։ Այնուհետև կույտը ծածկվում է կավաշերտով, հողաշերտով և կանաչապատվում է։

Ցիանիդի ազդեցությունը

Ընկերությունը դեռ մի քանի տարի առաջ պարտավորվել է հետևել օրենսգրքի պահանջներին և հնարավորության դեպքում անդամակցել ցիանիդի կառավարման միջազգային կազմակերպությանը։ Նույնիսկ մինչև անդամակցելու դիմում ներկայացնելը, մեր ծրագրերը նախագծելիս առաջնորդվել ենք միջազգային օրենսգրքով ։ 2016 թվականին այդ օրենսգրքում լուրջ փոփոխություններ են իրականացվել, և մենք առաջինը ստացել ենք հավաստագիր նախաշահագործման համար։ Օրենսգրքի ստեղծման պահից մենք 5-րդն ենք ամբողջ աշխարհում, որ ստացել ենք նախաշահագործման թույլտվություն։ Սա վկայություն է առ այն, որ նախագիծն իրականացվել է չափորոշիչներին խստագույնս հետևելով։ Նախագիծն այնպիսին է, որ նախատեսված է, որպեսզի մարդու առողջության վրա ազդեցություններ չլինեն, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման միջոցով վնասը հասցնել նվազագույնի։

Շահագործման վերջում

Գոյություն ունի հանքի փակման ծրագիր՝ ՀՀ օրենսդրության պահանջ է, երբ դիմում ենք հանքարդյունաբերական իրավունքի, պարտադիր պետք է ներկայացնել նաև հանքի փակման ծրագիրը։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մենք ստացել ենք հանքարդյունաբերության իրավունքը։ Դա դինամիկ փաստաթուղթ է, և մենք այն ներկայացրել ենք համապատասխան մարմիններին։ Այդ փաստաթուղթը կոնցեպտուալ բնույթ ունի, և մոտեցումը շատ խիստ է։ Այնտեղ կան հատվածներ, որոնք դեռևս պարզ և հայտնի չեն։ Ենթադրվում է, որ բոլոր կառույցները պետք է ապամոնտաժվեն, բոլոր ճանապարհները վերականգնվեն, հետլիցք կարվի բաց հանքից՝ մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ։ Ցիանիդի կառավարման համակարգի պահանջներից մեկն այն է, որ պետք է պլանը պարբերաբար վերանայվի, գոնե 5 տարին մեկ անգամ և ՀՀ օրենսդրությանը համապատասխան փաստացի փակումից երկու տարի առաջ վերջնական նախագիծը պետք է ներկայացվի։ Մինչև փակելը, միջազգային փորձի համաձայն, անընդհատ պետք է հանրային քննարկումներ լինեն անմիջական շահագրգիռ կողմերի՝ համայնքների հետ, քանի որ այդ ենթակառուցվածքը կարող է դառնալ համայնքի զարգացման քայլերից մեկը։ Այդ ընթացքում՝ հաշվի առնելով համայնքների պահանջները, խնդրանքները՝ փակման պլանը վերանայվում է և ներկայացվում համապատասխան մարմնին։ Այս պահի դրությամբ գործող նախագծով բաց հանքերից մեկն ամբողջությամբ հետլիցք է արվելու, իսկ մյուսը՝ մասամբ։ Սա փակման մեր կառավարման պլանն է։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում