Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովհաննես Բաբախանյանի մոնոներկայացմամբ կմեկնարկի «Արմմոնո» թատերական փառատոնը

Հովհաննես Բաբախանյանի մոնոներկայացմամբ կմեկնարկի «Արմմոնո» թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնն այս տարի կբացի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» բեմադրությունը: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Փառատոնն արդեն 16 տարեկան է: Այս տարի կցուցադրվի 22 մոնոներկայացում: Կմասնակցեն թատերարվեստի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Լեհաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նրա խոսքով` փառատոնին ակտիվորեն հանդես են գալիս երիտասարդ ստեղծագործողներ: Նրանք ներկայացնում են գործեր տարբեր ժանրերում` մոնոդրամա, մոնոպար, մոնdoc և այլն:

Փառատոնի տնօրենը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր թատերասեր այս օրերին կգտնի այն ներկայացումը, որն իրեն ավելի հոգեհարազատ է:

16 տարի առաջ «Արմմոնո» փառատոնը մեկնարկել է Հովհաննես Բաբախանյանի «Կոնտրաբաս»  ներկայացմամբ: Ինչպես արդեն նշեցինք, այս տարի այն կբացվի արտիստի «Պատգամը» բեմադրությամբ:

Նա ընդգծեց, որ այս «Արմմոնո»-ն նշանակալի իրադարձություն է, քանի որ այն փորձի փոխանակման հնարավորություն է տալիս, արվեստասերները ծանոթանում են թատերական նոր լուծումների, ճանաչում են նոր թատրոնը,  դրա նոր տեսակը: 

««Կոնտրաբաս»-ն իմ առաջ լայն հեռանկարներ բացեց: Ըստ իս`մոնոներկայացումը դերասանին իր ողջ գունապնակով հանդես գալու հնարավորություն է ընձեռում»,-ասաց նա:

Անդրադառնալով «Պատգամը»-ին` Բաբախանյանը նշեց, որ մարդը պետք է հասնի որոշակի տարիքի բեմից լուրջ թեմաների մասին խոսելու համար: «Հայոց ցեղասպանությունն այդպիսիններից է: Ես համարձակվեցի խոսել այդ ոճիրի մասին 50 տարեկանում: Կարծում եմ, որ այս տարիքում ավելի արդարացված  է կանգնել բեմում և ասել մի բան, իրական արցունքներով, որոնք ոչ միայն քո կերպարինն են, այլև հենց քոնը»,-խոստովանեց դերասանը: Նա շեշտեց, որ ներկայացումը հայերեն է, սակայն  այն չի ճանաչում տարիք և ազգություն, ընկալելի է բոլորի համար:

Դերասանուհի, «Պատգամը» ներկայացման բեմադրիչ Մարի Մսրյանն ասաց, որ  ամեն հայի պարտքն է որևէ կերպ բարձրաձայնել Ցեղասպանության խնդիրը: «Կարծես թե շատ է ձգձգվում այն ընդունելու հարցը: Իբրև հայ, պետք է մեր հնարավորությունների սահմաններում դատապարտենք այդ չարիքը, որպեսզի այն չկրկնվի»,-ընդգծեց Մսրյանը:

Փառատոնի ընթացքում «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն 2016-2017 թվականներին հաջողություն ունեցած Նարինե Գրիգորյանի, Ելենա Դուդիչի և Նվարդ Դուդուկչյանի մոնոներկայացումները: «Արմմոնո-Դեբյուտ»-ում կցուցադրվեն առաջին անգամ քայլեր անող դերակատարների և բեմադրիչների աշխատանքներ: «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրում կցուցադրվեն դրամատուրգ Նինա Մազուրի  «Համլետի երազները», «Էդիտ Պիաֆ» գործերը:

Առանցքային երկու նախագծերն են «Փարաջանով. Կյանքի տոն», «Անտիգոնեի սիրտը»  մոնոներկայացումները:

Փառատոնին կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի մոնոթատրոնի զարգացման նոր ուղղություններին:  «Գորիսը` 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գորիսում կցուցադրվի Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]