Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությանը

 Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանական 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական փոխգործակցության զարգացմանը նպաստող կարևոր ձևաչափ, բարձր գնահատել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուհո Էէրոլան նշել է, որ իր ղեկավարած բարեկամական խումբը շարունակելու է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով։

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։

Զրուցակիցների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լարմանը նպաստող Բաքվի գործողությունների՝ մասնավորապես Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում՝ ադրբեջանական կողմից զինուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումների վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am