Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը

Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան: Կարեն Կարապետյանն այդ մասին ասաց ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները կհիմնավորեն, և իրավական հիմքեր կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը ցանկություն հայտնեց նաև խոսել այն խնդիրների մասին, որոնք կան և անհանգստացնում են իրեն: «Ես շատ կուզենամ արտահայտել իմ վերաբերմունքը: Տեսեք, մենք ունեցել ենք ընտրություններ: Լա՞վն են, իդեալակա՞ն են, իդեալական չե՞ն, բայց ընտրություններից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չեն, և որևիցե երկիր գոյություն չունի, որտեղ ընտրություններից բոլորը գոհ են: Եվ կան զանգվածներ, որոնք կարող են ընտրություններից դժգոհ լինել: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք ռեգուլյար պետք է ռեվիզիա անե՞նք ընտրությունները: Մենք այդպես անընդհատ կընկնենք մի վիճակի մեջ, որ երկրի շինարարությամբ, կառուցմամբ չենք զբաղվելու: Տեսականորեն պատկերացնենք արտահերթ ընտրություններ, կա մի զանգված, որ դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իրենք նորից պահանջեն, մենք այս վիճակից դո՞ւրս ենք գալու, թե՞ չէ: Մենք ունենք որոշակի քաղաքական մշակույթ՝ շատերս դժգոհ ենք: Շատերս դժգոհ ենք էլիտաներից, էլիտաներից բոլոր կուսակցություններում: Եվ մենք մեր տան մեջ պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք և քայլ առ քայլ պետք է գնանք այն վիճակին, որին ձգտում ենք: Դուք վստահ եք, չէ՞, որ մեկ օրվա մեջ մեր բոլոր էլիտաները չեն կարող լավը լինել, շատ ավելի պետական մտածող լինել: Հասկանո՞ւմ եք: Մենք ի՞նչ անենք, անընդհատ ընտրությունից ընտրություն այսպիսի վիճակում լինե՞նք»,- մանրամասնեց առաջին փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ չի լինի մեկին 100 տոկոսանոց ձայն տալ: Լինելու են ուժեր, որոնք դժգոհ են մնալու: «Եվ իրենք ազնիվ, հայրենասեր, երկրի բարգավաճումն ու զարգացումը ցանկացող մարդիկ են: Եվ ո՞նց անենք, լավ: Ո՞րն է այն հայտանիշը, որով ասենք՝ այ հիմա հասարակությունը պետք է բավարարված լինի: Դա ընտրությունն է: Հիմա ընտրությունը եղել է: Ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսենք: Եթե այդ հարթակում խնդիրներ ունենք, եթե կուսակցությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք դրա մասին, որպեսզի մենք ոչ թե ընտրություններից ընտրություն գնանք կուտակված պրոբլեմներով, նեղվածությամբ, այլ ռեգուլյար դրա մասին խոսենք: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, մեր ընտրությունները ռեվիզիայի ենթարկել, ասենք՝ իմ դուրը չի գալիս:  Հետո մենք պիտի մի քիչ էլ այլ մշակույթ ձևավորենք՝ մեկս մյուսին լսելու մշակույթ: Ես իմ ճիշտը ուզում եմ ապացուցել, բայց ոչ ի հաշիվ ուրիշի նեղության: Համաձայն չե՞ք ինձ հետ: Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, ովքեր հիվանդանոցներ են ընկնում, երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ հասցնել: Մենք այդ մշակույթը պե՞տք է ձևավորենք մի օր, թե՞ չէ: Որքա՞ն կարող ենք այսպես ապրել ու պահանջել մի ստերիլ վիճակ, երբ մեր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասաց Կարապետյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]