Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Հայկական կերպարվեստի ցուցահանդեսը Դուբայում հաջողություն է վայելել

Հայկական կերպարվեստի ցուցահանդեսը Դուբայում հաջողություն է վայելել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Գալա Արտ» ցուցասրահի տնօրինության նախաձեռնությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի հեղինակավոր ցուցասրահներից մեկում երկու ամիս  շարունակ ներկայացվել է հայ արդի կերպարվեստը: Ցուցադրվել է 21 արվեստագետի ավելի քան 150 աշխատանք: Ցուցահանդեսն ավելի քան 5000  այցելու է ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Գալա Արտ»-ի հիմնադիր փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանի հետ:

«Դուբայը Միջին Արևելքում արվեստի խոշոր հարթակի է վերածվում: Դա է պատճառը, որ այնտեղի արվեստի և դիզայնի լավագույն կենտրոններից մեկում` «D3 Dubai» (Եռաչափ Դուբայ) ցուցասրահում, երեք ցուցահանդես  կազմակերպեցինք: Ներկայացվեցին հայ ժամանակակից ստեղծագործողների գեղանկարներ, քանդակներ, կոլաժներ, ինստալացիաներ և այլ ժանրերի գործեր: Մեր նպատակն օտարներին հայ կերպարվեստի առանձնահատկություններին ծանոթացնելն էր»,-ասաց Միքայելյանը:

Ցուցահանդեսին անդրադարձել են մի շարք արաբական լրատվամիջոցներ: «THE GULF NEWS» օրաթերթում ասվում է. «Հայկական ժամանակակից կերպարվեստի անզուգական նմուշները Դուբայում մեծ ուշադրության են արժանանում»: «AL ARABIYA» հեռուստակայանը նույնպես չի շրջանցել ցուցահանդեսը` ուղիղ եթերում խոսք տրամադրելով Նուշիկ Միքայելյանին: Վերջինս արաբերենով ներկայացրել է հայկական կերպարվեստի ցուցահանդեսների շարքը:

Սիրիացի հայտնի գրող, «Al  ITTIHAD» արաբական  թերթի լրագրող Ղալյա Խոջան հոդված է գրել ցուցահանդեսների մասին` խոսելով նաև «Հայ մարդը և նրա պատմությունը, հայոց պատմության ազդեցությունը հայկական կերպարվեստի վրա» թեմայի շուրջ:

Նուշիկ Միքայելյանն ընդգծեց, որ Դուբայում որոշ ցուցասրահներ հայ արվեստագետներից մի քանիսի գործերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, և այժմ բանակցություններ են ընթանում այդ  ստեղծագործություններն իրենց մոտ ներկայացնելու համար: Առաջարկներ են եղել նաև Քաթարից, Էր Ռիադից:

Ցուցադրված որոշ գործեր վաճառվել են, սակայն Միքայելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց գերխնդիրը դրանք վաճառելը չէ, այլ միջազգային աճուրդի տներում, միջազգային թանգարաններում հայկական ժամանակակից կերպարվեստը պատշաճ ձևով ներկայացնելը: «Հաճախ համաշխարհային աճուրդի տներում  անվանի նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը մատուցվում են ռուսական արվեստի խորագրի ներքո: Մենք ուզում ենք անել ամեն հնարավորը, որ ի վերջո հայկական արվեստ, կերպարվեստ հասկացությունը մտնի միջազգային շուկա»,-խոստովանեց փոխտնօրենը:

«Գալա Արտ» ցուցասրահը հիմնադրվել է 2012 թվականին Երևանում: Հիմնադիր տնօրեններն են ամուսիններ Ավետիս Բերբերյանը և Նուշիկ Միքայելյանը:

Ցուցասրահի հիմնական նպատակներից է միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի տեղը հաստատել` հայ արվեստագետների աշխատանքներով հանդես գալով լավագույն միջազգային ցուցահանդեսներում։ Գործունեության հիմնական մաս է կազմում նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետների բացահայտումն ու միջազգային ասպարեզում նրանց աշխատանքների տարածումը։

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ