Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Փաշինյանը հիվանդանոցից դուրս եկավ և ուղևորվեց Բաղրամյան պողոտա /լրացված/


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել «Նաիրի» բժշկական կենտրոնից և ուղևորվել դեպի Բաղրամյան պողոտա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա աջ ձեռքը վիրակապված է, քանի որ Բաղրամյան պողոտայում անցել է մետաղական փշալարի միջով: Նրա առողջական վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ չի ստացել:

«Ես փորձեցի փշալարերի վրայով անցնել, ու սկզբում ինձ հաջողվեց, այդ ժամանակ կտրվեցի ցուցարարներից: Ինձ փորձում էին քաշել ու ես փշալարերից բռնվեցի ու ձեռքերս վնասեցի: Ինչ վերաբերում է աչքիս, ապա կարծում եմ, որ ձայնային նռնակի պայթյունի ալիքից է վնասվել, ենթադրում եմ», - հիվանդանոցում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հարցին, թե փորձելու է կրկին մուտք գործել Ազգային ժողովի շենք, Նիկոլ ն Փաշինյանը նշեց, որ Ազգային ժողովն իր աշխատանքի վայրն է և ինքը պետք է ցանկացած պահի, մուտք գործի խորհրդարան: «Ես հպարտ եմ և ուրախ եմ, որ ցույցի մասնակիցները հակագործողություն չեն իրականացրել, մենք շարունակելու ենք մեր ոչ բռնի քաղաքականությունը», -նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ նրան հիվանդանոց տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրել էին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխել էր Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

Ապրիլի 13-ից Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ