Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի տիկնոջ համոզմամբ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցը Երևան պետք է սկսի Հայաստանի պատմության թանգարանից

ՀՀ նախագահի տիկնոջ համոզմամբ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցը Երևան պետք է 
սկսի Հայաստանի պատմության թանգարանից

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր առաջին այցը կատարեց Հայաստանի պատմության թանգարան:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նունե Սարգսյանը հենց պատմության թանգարան անդրանիկ այցը հիմնավորեց ողջ ազգի համար թանգարանի գոյության կարևորությամբ:

«Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,-ասաց Հանրապետության նախագահի տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար և ծրագրեր կազմել: Նկատեց՝իր  վերջին այցից հետո շատ բան չի փոխվել: «Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, և մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,-ասաց նախագահի տիկինը:

Նունե Սարգսյանը արվեստի և արհեստի սիրահար է: Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը: «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է: Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,-նշեց Նունե Սարգսյանը:

Լինելով արվեստագետ՝ Հայաստանի նախագահի տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի  ամենասիրելի մեկ ճյուղ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք և գեղեցկություն»,-նշեց նա:

Խոսելով նախագահին աջակցելու և իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասաց, որ դեռ նոր են սկսել աշխատանքը: «Դեռ պետք է քննարկենք բոլորը, և ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով՝  ինչպես յուրաքանչյուր կին է անում: Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,-ասաց Նունե Սարգսյանն ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաև դրանց մասին:

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 9-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am