Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Լոռու մարզում զբոսաշրջության խթանմանը նպաստող ծրագրեր են իրականացվում


ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու համար Լոռու մարզում մի շարք լուրջ ծրագրեր են իրականացվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Զբոսաշրջությունը զարգացնելու առումով Լոռու մարզը լուրջ ծրագրեր ունի իր ռազմավարության շրջանակում։ Արդեն առաջիկա տարիներին կքաղենք մեր կազմած ծրագրերի պտուղները։ Որոշ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ հաջողություններ ունենք՝ զբոսաշրջիկների 17 տոկոս աճ վերջին 3 տարվա համեմատ։ 2017 թվականն այդ առումով աննախադեպ էր՝ կտրուկ ավելացել էր զբոսաշրջիկների թիվը։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, այլև միջազգային կառույցների հետ։ Մարզպետարանը նույնպես զբաղվում է այդ աշխատանքներով։ 2017-2025 թթ. ռազմավարության մեջ բոլոր կետերը հստակ ներառված են, և ըստ տարիների մենք նախատեսում ենք զբոսաշրջության աճ, քանի որ այն տնտեսության մեջ համարվում է կարևոր ճյուղերից մեկը»,- ընդգծեց Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ Լոռու մարզպետարանը համագործակցում է Ֆրանսիայի Մարսելի տարածաշրջանի հետ, և արդեն իսկ զբոսաշրջային գործակալություններ են բացվել Թումանյան և Ստեփանավան համայնքներում։ Ներկայացնելով կատարվող ծրագրերից մի օրինակ՝ մարզպետն ասաց, որ արդեն քայլարշավորդների համար համապատասխան ուղիներ են գծվել, թե ինչպես Ստեփանավանից հասնել Դսեղ՝ Թումանյանի տուն-թանգարան։ Նալբանդյանը հավելեց, որ արդեն իրականացվում են քարտեզագրման աշխատանքները և շատ շուտով այդ ծրագիրն էլ կմեկնարկի։

Խոսելով Լոռվա ճանապարհների մասին, Արթուր Նալբանդյանը նշեց, որ Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածն ամբողջությամբ ավարտել են անցյալ տարի, և դա նույնպես կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը։

«Այս պահի դրությամբ ընթացքի մեջ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի շինարարությունը, որը նույնպես նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, և ոչ միայն»,- եզրափակեց իր խոսքը մարզպետը և հավելեց, որ այդ հատվածի կառուցման շնորհիվ կմեծանա նաև ապրանքափոխադրությունը, և, իհարկե, տնտեսության մեջ էական փոփոխություններ կլինեն։

Լիլիթ Դեմուրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ