Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սնանկության հարցերում նախատեսվող բարեփոխումները բարձրացնելու են կառավարիչների արդյունավետությունը

Սնանկության հարցերում նախատեսվող բարեփոխումները բարձրացնելու են 
կառավարիչների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսում է բարձրացնել սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների  կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ Տիգրան Դադունցը նշեց, որ նախագծի առաջնային նպատակներից է բարելավել Հայաստանի դիրքերը Համաշխարհային Բանկի Doing business զեկույցի սնանկության ցուցիչով, ինչպես նաև հնարավորինս կրճատել սնանկության վարույթի ժամկետները:

«Այս առումով սնանկության կառավարչի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար հստակ ժամկետներ են սահմանվել: Օրինակ՝ գույքագրում, գույքի վաճառք իրականացնելու, ինչպես նաև ֆինանսական վերլուծություն կատարելու մասով: Այսինքն՝ կառավարիչը պետք է ձգտի առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել իր պարտականությունները»,- ասաց Դադունցը:

Ըստ փորձագետի՝ սահմանվել են մեխանիզմներ, որոնք կխթանեն սնանկության կառավարչին ավելի սեղմ ժամկետներում ավարտել վարույթը:

«Հաշվի առնելով «Doing business»-ի պահանջները, ըստ որոնց՝ սնանկության վարույթը պետք է քիչ ծախսատար լինի և  պարտապանների բեռը՝ թեթև, նախատեսվել է կառավարիչների վարձատրության որոշակի չափով կրճատում, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ վարձատրությունը բերում է սնանկության վարույթի ծախսատարության բարձրացմանը: Մյուս կողմից, որպեսզի կառավարիչները շահագրգռված լինեն  սնանկության վարույթը արագ և արդյունավետ ավարտել, նախատեսել ենք հավելավճարներ: Օրինակ՝ եթե մեկ տարում կառավարիչը ավարտի սնանկության վարույթը կստանա ֆիքսված հավելավճար, իսկ եթե կառավարչի կողմից պասիվ գործողությունների հետևանքով վարույթը ձգձգվի՝ հավելավճարները կկրճատվեն: Սա ևս մեկ խթան է, որպեսզի կառավարիչը հնարավորինս արագ փորձի վարույթը ավարտել»,- նշեց Դադունցը:

Փորձագետի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է նաև ապահովել սնանկության վարույթի թափանցիկությունը և հասանելիությունը:

«Սնանկության կառավարիչը պետք է սնանկության գործը վարի էլեկտրոնային եղանակով և այդ դեպքում նյութերը պետք է հասանելի լինեն թե պարտատերերին, թե պարտապաններին և թե դատարանին: Սա ևս մեկ նորամուծություն է, քանի որ ներկայումս այդ ամենը թղթային եղանակով է իրականացվում»,- ասաց Դադունցը:

Նրա խոսքով՝ նախատեսվել նաև կարգավորումներ գույքագրման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու հետ կապված, ըստ որի՝ պարտապանը պետք է շահագրգռված լինի, որ իր ամբողջ գույքը գույքագրվի:

«Ոչ միայն սնանկության կառավարիչը պետք է ակտիվ գործողություններ իրականացնի, այլ նաև պարտապանը՝ ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր ամբողջ գույքը գույքագրվի, որպեսզի դա էլ հանգեցնի սնանկության ոլորտում պարտատերերի պահանջների բավարարմանը: Սա Doing business-ում առանձին ցուցիչ է, և եթե գործնականում այն կիրառվի, կարծում եմ, այս ցուցիչով ևս Հայաստանը իր դիրքը կբարելավի»,- ասաց Դադունցը:

Այն հարցին, թե ինչով են պայմանավորված «Սնանկության մասին» նախագծի շուրջ բուռն քննարկումները և դժգոհությունները, Դադունցը պատասխանեց, որ դրանք հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում, իսկ բոլոր հիմնավորված առաջարկները հաշվի են առնվել: «Սնանկության կառավարիչները նշում են, որ նախագծով իրենց հավելյալ պարտականություններ են սահմանվել և բարձրացվել է նրանց պատասխանատվությունը: Կարծում եմ, որ նախագծի բոլոր կարգավորումներում ռացիոնալ հատիկ կա և չպետք է խնդրին միայն մեկ տեսանկյունից նայել: Նորամուծությունները և փոփոխությունները բերելու են շատ լավ արդյունքների և, իհարկե, այն բոլոր դրույթները, որոնք շահագրգիռ կողմերին շատ են անհանգստություն պատճառել,  քննարկվել են ու կատարվել խմբագրումներ և լրամշակումներ»,- ասաց Դադունցը և հավելելով, որ նախագծով 150 առաջարկ է ստացվել:

Փորձագետի խոսքով՝ նախագիծը մշակելուց ուսումնասիրվել է թե Ճապոնիայի, որը առաջատարն է սնանկության ցուցիչով, և թե մի շարք եվրոպական երկրների փորձը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]