Սփյուռք

Արգենտինական երաժշտություն դուդուկով. Գագիկ Գասպարյանը Հարավային Ամերիկայում նպաստում է Հայաստանի ճանաչմանը

5 րոպեի ընթերցում

Արգենտինական երաժշտություն դուդուկով. Գագիկ Գասպարյանը Հարավային Ամերիկայում նպաստում է Հայաստանի ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն ազդեցիկ է, անբացատրելի զգացողություն է առաջացնում, հուզում է մինչև հոգու խորքը. հեռավոր Արգենտինայում արվեստասերներն ու մշակույթի գործիչներն այսպես էին բնորոշում դուդուկը, երբ լսում էին հայկական հնագույն գործիքի ելևէջները: Երաժիշտ Գագիկ Գասպարյանին այսպիսի գնահատականներ էին ներկայացվում, երբ տարիներ առաջ նա փորձում էր Հարավային Ամերիկայում ներկայացնել հայկական դուդուկը:

Գագիկ Գասպարյանը, երիտասարդ էր, երբ հայտնվեց Արգենտինայում: Նա երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանում, նրա հետաքրքրության շրջանակում են եղել հայկական ավանդական երաժշտական գործիքները:

«Ցանկացած մարդ, ով երկիրը փոխում է, բավական դժվարությունների է հանդիպում, մանավանդ, եթե երիտասարդ է, ով այդ երկրում ոչ ոք չունի: Արգենտինան Ռուսաստանը չէ, որտեղ լեզուն, մշակույթը հոգեհարազատ են: Այստեղ ամեն ինչ նորություն է՝ լեզուն, միջավայրը, ավանդույթները, օրենքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց երաժիշտ, Արգենտինայի երաժիշտների միության անդամ Գագիկ Գասպարյանը:

Արգենտինայում առաջին իսկ օրվանից երաժշտությամբ զբաղվելու ցանկությունը մեծ էր, սակայն գոյությունը պահելու, դժվարությունները հաղթահարելու համար այլ աշխատանքով զբաղվելու անհրաժեշտություն կար: Ցանկացած պարագայում երաժշտությամբ զբաղվելու ցանկությունը նրան ուղեկցում էր:

«Սկզբում չէր լինի միանգամից երաժշտությամբ զբաղվել, որովհետև քեզ չեն ճանաչում, քո կատարողականն իրենց ծանոթ չէ, Հայաստանի ու հայկական երաժշտության մասին քչերը գիտեն: Տարիներ էր պետք, որ քիչ-քիչ իմ տեղը գտնեի: Սկսեցի ուսումնասիրել նրանց մշակույթը, երգարվեստը: Պետք էր գտնել մի մոտեցում, որ դուդուկն ընկալվի»,-ասաց նա:

Գագիկ Գասպարյանը սկսեց դուդուկով հնչեցնել արգենտինական մեղեդիներ, ներկայացնում էր այն, ինչ մեղեդային էր: Կարճ ժամանակ անց այն ընդունվեց, շատերը սկսեցին հետաքրքրվել այդ երաժշտական գործիքով: Դուդուկի ճանաչմանը զուգահեռ Գագիկ Գասպարյանը լայնորեն ներկայացնում էր հայկական մշակույթը, հայկական երաժշտությունը:

«Իմ կարծիքով, դուդուկի մեջ հավաքված է մեր մշակույթը, անցած ուղին: Ահա, երբ առիթն ընձեռվեց, ես խոսեցի, ներկայացրեցի մեր հայկականը: Դրա անհրաժեշտությունը կար, որովհետև Հայաստանն ու հայությունը քիչ էին ներկայացվում: Այդ բացը լրացնելու լավագույն տարբերակը մշակույթն է»,-ավելացրեց երաժիշտը:

Դուդուկը սկսեց ընդունվել սկզբում արգենտինացիների շրջանում, հետո Հարավային Ամերիկայի մյուս երկրներում: Նա թողարկեց սկավառակ՝ իր կատարմամբ ներկայացնելով ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այն մեծ արձագանք ունեցավ, և կատարումները հնչեցին ռադիոեթերներով, ֆիլմերում: Շատ ժամանակ չանցած, եղան համագործակցության առաջարկներ տարբեր երաժիշտների կողմից:

«Իրենց հետ աշխատելով՝ լատինական երաժշտությունից բացի, անպայման ներկայացնում եմ հայկականը, որ իրենք նվագեն նաև մեր երաժշտությունը: Վերջին շրջանում դա արդեն իրենք են պահանջում: Դուդուկի հնչյունները լսելուց հետո, շատերը գալիս են և կիսվում տպավորություններով, ասում են սեր զգացին, մինչև հոգու խորքը հուզվեցին: Այն այնքան զգացմունքային է, որ սկսեցին անվանել «մախիկո», որը նշանակում է կախարդական: Գալիս էին և ասում, որ իրենց մանկությունը հիշեցին, իրենց երկիրը: Սկզբում ինձ թվում էր, թե նման կերպ արտահայտվողներն անպայման հայկական ծագում պետք է ունենային, հետո հասկացա, որ երաժշտությունը սահմաններ ու ազգ չի ճանաչում»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Գագիկ Գասպարյանը նշեց, որ նախ շատ անելիք կան հայապահպանության գործում: Նրա կարծիքով, Հարավային Ամերիկայում հայապահպանության տեսանկյունից Սփյուռքը թուլացել է: Հայոց ցեղասպանությունից վերապրածների 4-րդ սերնդի ներկայացուցիչներն են, որոնցից շատերը հեռացել են հայկականությունից: Նա ընդգծեց, որ այսօր Սփյուռքը Հայաստանում ապրող մարդու աջակցության, Հայաստանի հետ կապն ամրապնդելու կարիքն ունի:

«Այդ ուղղությամբ շատ անելիքներ կան, և, կարծում եմ, որ հայերին համախմբելու, Հայրենիքի հետ կապն ամրապնդելու ամենալավ տարբերակը մշակույթն է: Մտածում ենք՝ ինչ միջոցառում կազմակերպենք, որ օգնենք Հայաստանին: Նախատեսում ենք կազմակերպել համերգներ, որոնցից ստացված հասույթը կտրամադրենք սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու համար»,-հավելեց Գագիկ Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի, երբ իրականացվում էին Արցախին նվիրված ծրագրեր, կազմակերպվեցին համերգներ, որոնցից ստացված հասույթով գնել են երաժշտական գործիքներ և նվիրել Արցախին, Հայաստանի սահմանային շրջաններին:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում