Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հազարամյակների պատմություն, Արևելքի առեղծվածներ. լրագրողների «հազար ու մի արկածները» Շարմ էլ Շեյխում


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վառ, գունեղ, ակտիվ հանգստի լայն հնարավորություններով, զբոսաշրջիկների նկատմամբ ընդգծված ջերմությամբ. այսպես կարելի է բնութագրել դեպի Եգիպտոս ուղևորությունը: Եգիպտոսի ամենաճանաչված հանգստավայրերից մեկը՝ Շարմ էլ Շեյխը, հյուրընկալել էր հայ լրագրողներին: «AIR CAIRO» ավիաընկերության և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «ANRIVA TOUR»-ի կազմակերպած ճանաչողական այցը Շարմ էլ Շեյխ բավական հագեցած ծրագիր ուներ:

Առաջին իսկ օրվանից լայն հնարավորություններ էր ստեղծված բացահայտելու ծովային հանգստավայրի հետաքրքիր կողմերը: Նախ` շատ ժամանակ պետք չեղավ հասկանալու, որ այստեղ հանգիստը կազմակերպելը բավական անվտանգ է: Առանձնահատուկ պետք է խոսել տեղի բնակիչների, ծառայությունների ոլորտում ներգրավված սպասարկող անձնակազմի վերաբերմունքի մասին: Վստահաբար կարելի է ասել, որ այստեղ զբոսաշրջիկների հետ աշխատելու հատուկ մշակույթ կա: Գիտեն՝ ինչպես գրավել զբոսաշրջիկի սիրտը, ինչպես վարվել, որ վերջինս գոհ ու տպավորված հեռանա: Առանց վարանելու կարող ենք հաստատել, որ այդ մշակույթն առկա է ոչ միայն խոշոր հյուրանոցներում կամ խանութներում, այլև ամենաաննկատ առևտրի կետերում:

Լրագրողների հետաքրքրասեր թիմին ուղեկցում էր Եգիպտոսում «ANRIVA TOUR»-ի գործընկերոջ ավագ զբոսավար Ահմեդ Աբբասը, ով ջանք ու եռանդ չխնայեց Եգիպտոսի լավագույն կողմերը ներկայացնելու գործում և մեր հանգիստն առավել գունեղ ու հագեցած դարձնելու համար: Եգիպտական մշակույթի, եգիպտացիների ընտանեկան ավանդույթների մասին պատմություններն օգնեցին ավելի լավ հասկանալ նրանց կենցաղն ու ապրելակերպը: Ահմեդը հավաստիացրեց, որ իրենց համար հաճելի է հայերի հետ աշխատելը, տեղի արաբներն առանձնահատուկ են վերաբերում հայերին, կարելի է ասել, որ այստեղ խոսում է հին ժողովուրդների բարեկամությունը: Ի դեպ, որոշները հայերի հետ երկխոսության ժամանակ քիչ-քիչ հայերեն բառեր էին արտաբերում: Պատասխանատուները նշում են, որ վերջին շրջանում Հայաստանից դեպի Եգիպտոս այցելուների թիվն ավելանում է: Դա իր հերթին նպաստում է, որ դեպի Շարմ Էլ Շեյխ չվերթների քանակն ավելացվի:

Ուղևորության ընթացքում լրագրողները եղան մի քանի հյուրանոցում, ծանոթացան մատուցվող ծառայություններին, եղած հնարավորություններին: Ավելորդ չի լինի ընդգծել, որ յուրաքանչյուր հյուրանոցում լրագրողների խումբն արժանանում էր հատուկ ընդունելության: Բարձրորակ ծառայություններին զուգահեռ ջերմ վերաբերմունքն ակնհայտ էր, անձնակազմի ներկայացուցիչները շատ դեպքերում անում էին ավելին, քան իրենց պարտականությունների մեջ էր մտնում: Արդյունքում՝ այցելուները հեռանում էին տպավորված՝ վերադառնալու ակնկալիքով:

Եգիպտոսում ամեն տեղ արեւելյան ճոխությունն ակնառու էր: Այցելուներին անտարբեր չեն թողնում շքեղ լողավազանները, ծովափերը: Հյուրանոցների մեծ մասն ունի այսպես կոչված անիմացիոն խումբ, որն առավոտից երեկո անցկացնում է բազմազան խաղեր, շոուներ, մրցույթներ՝ հանգիստն ավելի հետաքրքիր անցկացնելու համար: Միջոցառումներից կարելի է առանձնացնել Mister Hotel մրցույթը, որի շրջանակում հաղթող ճանաչվեց մեր գործընկեր Հայկ Գրիգորյանը՝ հետևում թողնելով Իտալիայի, Ուկրաինայի և Ավստրիայի իր մրցակիցներին: Առանձնահատուկ պետք է խոսել խոհանոցի մասին, ամենաքմահաճ ճաշակ ունեցողը կարող է ուտեստների բազմազանության մեջ գտնել իրեն հոգեհարազատը: Հագեցած ծրագրի շրջանակում լրագրողները այցելեցին Շարմ էլ Շեյխի տեսարժան վայրերը՝ եղան մզկիթում, Ղպտի ուղղափառ եկեղեցում:

Հնարավորություն ընձեռվեց մասնակցել «Սաֆարի տուր»-ին, այնուհետև սուզալողորդների օգնությամբ վայելել ծովի անմոռանալի տեսարանները, անկրկնելի բնությունն ու անզուգական կենդանական աշխարհը, ճաշել «Fantazia Cruise» նավի վրա, լինել «Taj Mahal» բացօթյա դիսկոտեկում, վայելել «Հազար ու մի գիշեր» պորտապարերի շքեղ շոու ծրագիրը: Եգիպտոսի մասին խոսելիս չանդրադառնալ այնտեղի շուկային, ճիշտ չէր լինի: Սովորաբար հյուրանոցների հիմնական մասն ունենում են խանութներ, առևտրի կետեր են լինում հյուրանոցների հարևանությամբ, սակայն եթե ուզում եք արևելքի շուկայի իսկական կոլորիտը զգալ ու վայելել, ապա պետք է այցելել Շարմ էլ Շեյխի «Հին քաղաք» կոչվող շուկա: Վաճառակետերի աշխատակիցները հնարավոր ամեն ինչ ձեռնարկել են զբոսաշրջիկներին գրավելու համար: Կենդանի երաժշտություն, կրակով ցուցադրվող հնարքներ, ջերմ վերաբերմունք, ժպիտներ. այս ամենը նպաստում էին, որ առևտուրն ավելի հետաքրքիր լինի:

Արևելյան շուկայում առևտուր անելու համար հարկավոր է երկու բան հիշել՝ տոկուն մնալ ու չխաբվել ամուսնության բազմաթիվ առաջարկություններին և ամենակարևորը ապրանքի գինը սակարկել: Ասենք 30 դոլարանոց ապրանքը կարելի է սակարկել մինչև 10 դոլար: Ինչպես վաճառողներից մեկը հավաստիացրեց գինն այստեղ կարևոր չէ, կարևոր են միայն մեր գեղեցիկ աչքերը, այսինքն` մնում է միայն «կլորացնել» աչքերն ու անցնել սուրբ գործին՝ առևտրին:

«Հին քաղաք» կոչվող շուկան, որը գտնվում էր նորակառույց շքեղ մզկիթի կողքին, զարմացրեց իր բազմազանությամբ ու գունագեղ տաղավարներով: Այստեղ կարող ես գտնել արևելքը հիշեցնող ամեն ինչ՝ բազմապիսի կաշվե պայուսակներ, գույնզգույն շարֆեր, հուշանվերներ, փարավոնների պատկերներով արձանիկներ, արևելյան քացրավենիքներ, եթերային յուղեր, նարգիլե, պապիրուսներ և այլն:

Եգիպտոսը կարելի է նմանեցնել եգիպտացի կնոջը, դրսից առաջին հայացքից սառը, առեղծվածներով, միգուցե նաև վտանգավոր, իսկ երբ մտնում ես տուն, միանգամից բացվում են քո առաջ արևելքի դռներն ու տանում գայթակղիչ եթերայուղերի, բազմահամ համեմունքների ու արաբական մեղեդիների ճանապարհով: Հիջաբի հետևում թաքնված է հազարամյակների հզոր պատմությունը, որի առեղծվածները բացահայտելու համար ուղղակի պետք է այցելել ու սեփական աչքով տեսնել արևելքի հրաշքները... Մեկ խոսքով, Եգիպտոսում ձանձրանալ հնարավոր չէ:

Սոնա Սարգսյան, Տաթև Դուրյան

Երևան- Շարմ էլ Շեյխ- Երևան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ