Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Կոտայքն ունի զարգացման հստակ նախադրյալներ, ակնկալվում է շուրջ 2100 նոր աշխատատեղի ստեղծում. մարզպետի հարցազրույցը


ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականը Կոտայքի մարզի համար բարեհաջող տարի էր: Մասնավոր միջոցներով կատարվել են շուրջ 60 մլրդ դրամի չափով ներդրումներ. արդյունքում  ստեղծվել է ավելի քան  2000  նոր աշխատատեղ: Լուրջ հաջողություններ են սպասվում նաև ընթացիկ տարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրեց մարզի հեռանկարները:

-Պարոն Գուլոյան, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր Կոտայքի մարզի համար: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

-2017 թվականը Կոտայքի մարզի համար բարեհաջող տարի էր: Մարզն ունեցավ զգալի ձեռքբերումներ: ՀՀ Նախագահի և Կառավարության աջակցությամբ դրական զարգացումներ ունեցանք հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Նախորդ տարվա ընթացքում գրանցվեց նաև ներդրումային ծրագրերի նկատելի աճ:  2017 թվականին  մասնավոր միջոցներով կատարվել են շուրջ 60 մլրդ դրամի չափով ներդրումներ. արդյունքում  ստեղծվել է ավելի քան  2000  նոր աշխատատեղ:

Ներդրումներ են իրականացվել հիմնականում արդյունաբերության,  գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների,  զբոսաշրջության, էներգետիկայի,  առևտրի և սպասարկման օբյեկտների  կառուցման, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում:

Առաջին անգամ մարզում տեղադրվել են էներգիայի արտադրության արևային կայաններ, որոնք նոր ոճ և նոր ձեռագիր հաղորդեցին մարզի էներգետիկ առանձնահատկություններին:

Կարևոր եմ համարում նշել նաև, որ անցած տարի մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից  թողարկվել է 162 մլրդ 100 մլն դրամի արտադրանք`  նախորդ տարվա  136 մլրդ 300 մլն դրամի դիմաց կամ ծավալներն ավելացել են շուրջ 19 %-ով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 85 մլրդ 100 մլն դրամ, 2016-ի 59 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց, կամ աճը կազմում է 30 %:

-Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

-Մարզպետարանի կողմից մշակվել է 2018 թվականին մարզային գործընթացների կազմակերպման հիմնական ծրագիրը, որը ներառում է մարզի զարգացման ռազմավարական նպատակները և հիմնական գերակայությունները:

Դրանք են տնտեսական աճի ապահովումը, համայնքների համաչափ զարգացումը, տարածքային և տեղական կառավարման համակարգերի կատարելագործումը, արդյունաբերության, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտների զարգացումը  և  արդիականացումը:

2018 թվականին նշված ծրագրի իրագործման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները գնահատվել են  շուրջ 86 մլրդ 700 մլն դրամ,  այդ թվում՝  ՀՀ պետական բյուջեի միջոցներ` 16 մլրդ 500 մլն դրամ,  համայնքային ներդրումներ` շուրջ 853 մլն դրամ, մասնավոր ներդրումներ՝  66 մլրդ դրամ  և միջազգային տարբեր կազմակերպությունների միջոցներ՝  3 մլրդ 300 մլն դրամ:

-Մարզում գործազրկության ինչպիսի՞ մակարդակ կա և ի՞նչ ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը:

-Մարզում բնականաբար առաջնահերթ են համարվում նաև ազգաբնակչության զբաղվածության խնդիրները: Գործազրկության մակարդակի մասին խոսելիս պետք է  հղում կատարենք վիճակագրական ցուցանիշներին՝ միաժամանակ ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր ծրագիր նախ միտված է լինում նոր աշխատատեղերի ստեղծմանը և մարզի բնակիչների համար աշխատանքային նոր հնարավորությունների ձևավորմանը:

Ես արդեն իսկ նշեցի, որ ունենք նկատելի աշխուժություն ներդրումային ծրագրերի ասպարեզում: Այս տարի մարզում նախատեսվում է 2017 թվականի նկատմամբ մասնավոր ներդրումների ծավալը ավելացնել շուրջ 10 %-ով և հասցնել գրեթե 66 մլրդ դրամի: Ըստ նախնական կանխատեսումների, հիշյալ ներդրումների արդյունքում,  2018-ին կունենանք շուրջ 2100 նոր աշխատատեղ ևս:

-Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը: Նախորդ տարվա արդյունքներն ինչպիսի՞ն են եղել, և այս տարվա ընթացքում ի՞նչ ակնկալիքներ կան:

-Գյուղատնտեսությունը համարվում է մարզի զարգացման գերակա ուղղությունը: Նախորդ տարի գյուղատնտեսության հատվածում ևս ունեցանք դրական ցուցանիշներ: Այդ ամենով հանդերձ մարզում հստակ քայլեր են իրականացվում նաև ավանդական գյուղատնտեսությունից դեպի արդիական գյուղատնտեսություն անցում կատարելու համար:

Ծավալուն աշխատանքներ են կատարվում նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ և ջերմոցային տնտեսություններ հիմնելու  ասպարեզում: Այս պահին մարզում առկա են  912 հեկտար ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հեկտարը հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով:

 

Հարկ եմ համարում ընդգծել, որ վերջին նորագույն տեխնոլոգիաներով ապահովված այգիներից 200 հեկտարը հիմնվել է 2017 թվականին: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 225 հեկտար ժամանակակից պտղատու այգիներ: 

 

 Արդեն իսկ նշեցի, որ մարզի գյուղատնտեսության դրական տեղաշարժերից է ջերմոցային տնտեսությունների ծավալների ավելացումը: Ընդհանուր առմամբ ջերմոցների տարածքը 2017 թվականին կազմել է շուրջ 81 հեկտար: Ընթացիկ տարում նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների թիվը  ավելացնել 34 հեկտարով:

-Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ աշխատանքային այցի ընթացքում հորդորել է գյուղոլորտի մարզային պատասխանատուներին ավելացնել տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրերը: Ի՞նչ ծրագրեր կան նախանշված այս ուղղությամբ:

-Համապատասխան ծրագրերն արդեն իսկ նախանշված են, ոլորտի պատասխանատուներն ունեն հստակ հանձնարարականներ և մշակել են գործողությունների ու ընթացակարգերի ողջ մեթոդաբանությունը, որպեսզի կարողանան ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ ուղղություններում ապահովել դրական արդյունքներ:

Հարկ եմ համարում նշել նաև, որ 2018 թվականի մարզային տարեկան ծրագրով  նախատեսվում է ինչպես տոհմային տնտեսությունների, այնպես էլ սպանդանոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, ոռոգվող վարելահողերի, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր գյուղացիական տնտեսությունների թվի աճ և շարունակական զարգացումների ապահովում թվարկված բոլոր ուղղություններում:

-Վերջին շրջանում կառավարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Մարզը զբոսաշրջության զարգացման ի՞նչ հեռանկար ունի: Կխնդրեմ ներկայացնեք այս ոլորտում վերջին տարիների դինամիկան:

-Իրականում այս ոլորտի նկատմամբ ուշադրությունն առանձնահատուկ է: Փաստենք նաև, որ զբոսաշրջությունը կարևոր տեղ է զբաղեցնում Կոտայքի մարզի տնտեսության մեջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ունենք հստակ հանձնարարականներ՝ոլորտի անընդհատ կատարելագործման ուղղությամբ, որոնց հիմնական շեշտադրումներն են Կոտայքի մարզում զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների անընդհատ զարգացումը, համապատասխանեցումը արդիական պահանջներին, ինչպես նաև զբոսաշրջիկների համար գրավիչ պայմանների ու բարենպաստ միջավայրի  ապահովումը:

Մարզում գործում են հյուրանոցային և հանգստի կազմակերպման ավելի քան  80  համալիրներ: Ընդ որում, տարեցտարի կառուցվում են նոր հյուրանոցներ, ընդլայնվում ու նորացվում է  առկա հյուրանոցային  և հանգստի կազմակերպման համալիրների  ցանցը:   

   Ուրախալի է, որ  2017 թվականի  ընթացքում  մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 490 000  մարդ՝   նախորդ տարվա  420 000-ի  դիմաց, կամ աճը  կազմել է  16.7%:            

-Զբոսաշրջիկներից, տուրիստական գործակալություններից հաճախ լսում ենք դժգոհություններ ճանապարհների, հատկապես միջհամայնքայինների, ոչ բարվոք վիճակը: Այս տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհաշինարարական ծրագրեր են նախատեսված:

Մարզային տարբեր ենթակառուցվածքների շարունակական բարելավման գործընթացներում առանձնահատուկ և ծանրակշիռ տեղ ունի զբոսաշրջային գոտիներին հարող ճանապարհների բարեկարգումը: Այս տարի ևս ունենք պետական ու համայնքային տարբեր ծրագրեր, որոնք նախատեսում են ճանապարհաշինական ընդգրկուն աշխատանքներ, հատկապես զբոսաշրջային հատվածներում:

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Կոտայքի մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-ՀՀ Կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ կատարվեցին նկատելի աշխատանքներ: Մարզում իրականացվել են 184 աղբավայրերի հաշվառմանն ու փակմանն ուղղված գործընթացներ: Արդյունքում 2017 թվականին փակվել են 165-ը, իսկ 9-ի  փակման աշխատանքները կիրականացվեն ընթացիկ տարում: Դեռևս գործող 10 աղբավայրերը կփակվեն Հրազդան քաղաքում նոր կառուցվող աղբավայրի շահագործման արդյունքում:

Աղբահանության աշխատանքներն առավել համակարգված դարձնելու և այս ասպարեզի նկատմամբ նոր որակի մտածողություն ձևավորելու նպատակով մեծ տեղ հատկացվեց նաև աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացին: Եթե մարզում իրավաբանական անձանց հետ 2016 թվականին կնքվել էր 1650 պայմանագիր, ապա 2017 թվականի ընթացքում պայմանագրերի թիվը աճել է 143 %-ով՝ հասնելով 4005-ի, որը 2018 թվականին ևս կավելանա:

-Եթե կարելի է անդրադառնանք համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Ի՞նչ հրատապ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այս տարի լինելու են ձեր ուշադրության կենտրոնում:

-Մարզի համայնքներում առկա և առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները մշտապես գտնվում են պետական հոգածության ներքո: Համայնքների հրատապ  խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեից 2017 թվականին մարզին հատկացվել է շուրջ 550 մլն դրամ: Այս միջոցներն ուղղվել են 18 համայնքների առավել հրատապ խնդիրներին, որի արդյունքում իրականացվել են  առողջապահական, կրթական, մշակութային հաստատությունների հիմնանորոգման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների  վերանորոգման, փողոցային լուսավորության անցկացման, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցման, գազաֆիկացման և ճանապարհաշինարարական ծրագրեր:

Հարկ է նշել նաև, որ մարզի բոլոր համայնքներն ունեն զարգացման ծրագրեր, որոնցում արտացոլված են համայնքային առաջնահերթ խնդիրները և առաջիկա տարիներին պետք  է համապատասխան աշխատանքներ իրականացնենք բոլոր այդ խնդիրները հաջորդաբար լուծելու և համայնքային բոլոր ենթակառուցվածքները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

-Խոսեցինք համայնքների խնդիրներից: Եթե կարելի է խնդրում եմ ներկայացնել համայնքների խոշորացման վերաբերյալ տվյալներ: Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք: Արդյո՞ք դժգոհություններ կան կամ այս ընթացքում խնդիրներ եղել են:

-2017 թվականին մարզի 31 համայնքների միավորման արդյունքում ձևավորվեց 6 խոշորացված համայնք: Այս գործընթացն իրականացվեց սահուն կերպով և կարծում եմ դեռևս բավականին վաղ է վերջինիս ուղղությամբ տարաբնույթ վերլուծություններ անելու համար: Յուրաքանչյուր նոր գործընթացի, նոր երևույթի մասին հստակ և ամբողջական պատկերացումներ ձևավորելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Պետք է լինել համբերատար և  նպաստել խոշորացված համայնքների կայացմանը: Այս պահին բոլոր խոշորացված համայնքներում ընթանում են բնականոն կազմակերպական գործընթացներ և կարծում եմ, որ ապագայում ևս ամեն ինչ ընթանալու է իր բնականոն և տրամաբանական հունով:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ