Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լույս է տեսել Ամերիկա ժամանած առաջին հայի մասին Հայկ Դեմոյանի մենագրությունը

Լույս է տեսել Ամերիկա ժամանած առաջին հայի մասին Հայկ Դեմոյանի մենագրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել պ.գ.դ. Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը: Գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանեց Վիրջինիա: Առաջին հայի ժամանումն ազդարարեց նաև հայ գաղթականների հոսքի մասին, գաղթականների, ովքեր իրենց հետ Նոր երկիր բերեցին սեփական սովորույթները, կենսակերպը, խոհանոցը և մտածելակերպը: Նրանք ուսանողներ էին, արհեստավորներ, առևտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա՝ գոյատևելու և հայրենիքում մնացած՝ շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, 620 էջանոց պատկերազարդ աշխատությունն ունի 2200 լուսանկարներ, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ցույց են տալիս հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումները Ամերիկայում: 

Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները և նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչև 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը:

Այսօր հայերը և հայկական մշակույթի հետքերը տեսանելի են Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում. հայ բժիշկները, ինժեներները, ճարտարապետները, դերասանները, կինոգործիչները, երգիչները, հաջողակ մտավորականներն ու գործարարները կամրջում են ԱՄՆ-ը և Հայաստանը ամուր հենասյուներով:

Այս հատորը հայ-ամերիկյան համայնքի ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է:

Այն նաև յուրահատուկ հարգանքի տուրք է Ամերիկայում հաստատված այն հայերի հիշատակին, ովքեր իրենց եռանդուն ջանքերն են գործադրել հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու գործում, և երախտագիտության տուրք նրանց հիշատակին, ովքեր տառապել են հայ ժողովրդի հետ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելիս՝ փրկելով և նոր հնարավորություն շնորհելով Հայոց ցեղասպանությունը և Մեծ երկրաշարժը վերապրած հարյուրավոր կյանքերի:

Գիրքը հրատարակվել է «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից:

«Այս գիրքն ԱՄՆ-ում գլոբալ հայերի և նրանց ազդեցության մասին է: Մեծ նախաձեռնություն Հայկ Դեմոյանի կողմից: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրան և համագործակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ»,- նշում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am