Քաղաքականություն

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը

3 րոպեի ընթերցում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

  • ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,
  • նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,
  • միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը։

ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:

Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում