Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ակնկալիքներից. Սերժ Սարգսյան

 ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր 
առավելապաշտական ակնկալիքներից. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ու անիրատեսական ակնկալիքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախագահական նստավայրում հայտարարեց Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,-ասաց երկրի ղեկավարը` հավելելով, որ բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցությունները ինտենսիվացնելու Հայաստանի պատրաստակամության մասին, բայց, ցավոք, դրանք փոխադարձ չեն եղել Ադրբեջանի կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման դրդապատճառը չի կապում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արագ կարգավորման ցանկության հետ: Նախագահի խոսքով` ինքը դժվարանում է հավատալ, որ Ադրբեջանում հանկարծ առաջացել ԼՂ խնդիրը լուծելու անհագուրդ ցանկություն: «Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին համոզված եմ, որ տեղյակ եք: Չեմ կարծում, որ Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին լուծում տալու առումով, բայց, ցավոք սրտի, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշմանը` Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռումեն Ռադևին Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ (նկատի ունի լրագրողին- հեղ.) մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ` պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը իբր շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, իրականության մեջ դա պրովոկացիա էր, բայց մենք պրովոկացիաների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին ու գիտենք նրանց իրական դիրքորոշումը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա հիշատակեց նաև մեկ այլ հանգամանք, որը կարող էր առաջացնել Բուլղարիայի դիրքորոշման վերաբերյալ հարցադրում, ինչը, սակայն, այդ երկրի պետական դիրքորոշման արտահայտումը չէ: «Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պետք է տեսնենք, թե այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Այս հարցում մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում, նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ ձևակերպումներ կան: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-եզրափակեց Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նաև Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am