Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց Անվտանգության խորհրդի մասին օրենքի 
նախագծին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ԱԽ-ն գլխավորելու է ՀՀ վարչապետը: 

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել  ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:  Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունելու է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը,  կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

Ըստ նախարարի՝ ԱԽ աշխատակազմը հարնային ծառայություն է լինելու, սակայն առանձին դեպքերում կարող են հրավիրվել նաև փորձագետներ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

Մինչ 2015-ի սահմանադրական փոփոխությունները՝ 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության խորհուրդ կազմավորում էր Հանրապետության Նախագահը և նախագահում այն:

Միաժամանակ, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am