Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում փաստերը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորին կոչ արեց հանդարտ լինել

ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում փաստերը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորին կոչ 
արեց հանդարտ լինել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը չզլացավ խեղաթյուրել ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ Նախագահի ելույթում հնչեցրած խոսքերը` նշելով, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է արցախյան պատերազմի առաջնորդ լինելու մասին:  

Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշեց. «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:

Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում չի անդրադարձել Խոջալուի դեպքերին` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով` որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանալից և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Եվ ես շատ ափսոսում եմ: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը տանջանք է, և կարծում եմ, որ Ադրբեջանում մի միտում կա` անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Գիտեք սա անթույլատրելի մի բան է: Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»:

Հակադարձելով Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին ադրբեջանցի պատգամավորի պնդմանը` Նախագահ Սարգսյանը շեշտեց, որ չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ դուք ընկղմվում եք մի թեմայի մեջ, իրոք ընկղմվեք և ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Եվ ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, սակայն, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը  ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մենք` ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը: Իսկ ահա ամենաառաջին պատասխանատուն` Ադրբեջանը, որը պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել այդ գործողությունները: Ինչպես գիտեք, 1994թ. ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, և ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի: Սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրով ամրագրված դրույթները չեն կատարվում: Այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, անհնարինն եք ուզում: Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, իսկ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ»,- եզրափակեց ՀՀ Նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]