Մարդը կիմանա ինչ օդ է շնչում. Հայաստանում ներդրվում է շրջակա միջավայրի միասնական մոնիտորինգի համակարգ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միասնական մոնիտորինգի շնորհիվ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին հանրությունը կիրազեկվի ավելի օպերատիվ կերպով: Համակարգված մոնիտորինգի արդյունքում խնդիրները կդառնան տեսանելի, կսահմանվեն գերակա խնդիրները և դրանց կտրվեն համապատասխան լուծումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի զարգացման» ծրագրի մասին խոսեց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն»-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
«Չնայած Հայաստանում տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվում է շրջակա միջավայրի մոնիտորինգ, սակայն չկա մոնիտորինգի մեկ համակարգված մոտեցում և դրանից ստացվող ընդհանրական տեղեկատվություն, որը հասանելի կլինի հասարակությանը: Օրինակ, ՀՀ-ում տարբեր գերատեսչությունների կողմից` այդ թվում նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, մշակվում և իրականացվում են շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների մոնիտորինգ, սակայն ստացված մոնիտորինգի տեղեկատվությունը շատ դեպքերում բավարար չի լինում գնահատելու էկոհամակարգի վիճակը: Արդյունքում հանրությանը և իշխանությանը չենք կարողանում ընդհանրական տեղեկատվություն տալ այդ տարածաշրջանի էկոլոգիական վիճակի մասին: Ուստի նպատակ դրվեց վերհանել բոլոր բացերը և հասարակությանը տրամադրել այդ տեղեկատվությունը: Մենք այդ գործընթացը սկսել ենք հայեցակարգի մշակումով: Հայեցակարգի ընդունումից հետո հաջորդ քայլը կլինի դրանից բխող միջոցառումների իրականացումը, որը հետևողականորեն կբերի մոնիթորինգի խնդիրների լուծմանը, շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի և տեղեկատվության կառավարման ազգային հզորությունների զարգացմանը` ապահովելով առավել արդյունավետ բնապահպանական քաղաքականության մշակումը և հանրության իրազեկելիության աստիճանի մեծացումը»,-ասաց Շահնազարյանն ու հավելեց, որ ուզում են կանոնակարգել համակարգը, համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Ներկայում հանրությունը շրջակա միջավայրի տվյալ պահի իրավիճակի մասին կարող է տեղեկանալ նվազագույնը մեկ ամիս անց: Այսինքն՝ մարդն իր շնչած օդի ինչպիսին լինելու մասին տեղեկանում է միայն մեկ ամիս հետո: Սակայն հայեցակարգից բխող պետական միասնական մոնիտորինգի համակարգը հնարավորություն կտա ստեղծել համապատասխան ֆինանսական մեխանիզմներ մոնիտորինգի համակարգի կատարելագործման, առկա բացերը (մեթոդական, տեխնիկական և մասնագիտական) լրացնելու նպատակով, ինչպես նաև կմեծացնի նաև նոր տեխնոլոգիաների և միջազգային չափանիշներին համապատասխան տեղեկատվության հասանելիությունը: «Այսինքն՝ հնարավոր է, որ մթնոլորտային օդի աղտոտվածության մասին տեղեկությունը մարդիկ ստանան բջջային հավելվածների միջոցով՝ այնպես, ինչպես տեղեկանում են եղանակի մասին»,-նշեց Շահնազարյանը:
Հաճախ խնդիրները հստակ ձևակերպված չլինելու պատճառով է, որ լուծում չեն ստանում: Մասնագետի խոսքով՝ եթե հայեցակարգից բխող միջոցառումներով վերհանվեն խնդիրները և ՀՀ կառավարությունը դրանք սահմանի որպես գերակա խնդիրներ, դրանց լուծման համար կգտնվեն նաև դոնորներ: Միջազգային կազմակերպությունները ներդրում կատարելիս մեծ ուշադրություն են դարձնում՝ խնդիրը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա, թե ոչ:
Հայեցակարգով մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների որակական ու քանակական հատկությունների, հողերի որակի, որակական փոփոխությունների և շատ այլ մոնիտորինգներ կիրականացվեն պետական մոնիտորինգի շրջանակում:
Շրջակա միջավայրի մոնիտորինգի վերջին հայեցակարգը մշակվել էր 2006-ին, իսկ Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավումը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համաշխարհային գործընթացներին պահանջում է ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրի մոնիտորինգի գործընթացը` ապահովելով ազգային և միջազգային շրջանակներում գործադրվող ջանքերի ներդաշնակեցումն ու համակարգումը:
Նոր հայեցակարգը ՀՀ կառավարությանն է ներկայացվել 2017-ի դեկտեմբերին: Ներկայում գտնվում է կառավարությունում և մոտ օրերս կդրվի քննարկման: Շրջակա միջավայրի մոնիտորինգի հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գերակա խնդիրներից և սահմանված է կառավարության 2018-2022 թթ. ծրագրով:
Աննա Գրիգորյան