Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին

Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այս շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու համար Փարիզի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անն Իդալգոն ասել է Փարիզի քաղաքապետարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալելու ժամանակ:

«Այս տարվա սեպտեմբերին մենք Փարիզում դպրոց ենք բացելու՝ Փարիզի ԹՈՒՄՈ դպրոցը: Մենք այդ մասին շատ ենք խոսել ու քննարկել»,- նշել է Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ ԹՈՒՄՈ-ն մանկավարժական մի բացառիկ փորձ է, որը Փարիզը պատրաստվում է կրկնօրինակել Երևանից:

«Մենք այս ուղղությամբ աշխատել ենք միասին: Իհարկե, նաև Հայաստանի մեծահոգության շնորհիվ է, որ մենք այդ դպրոցը կհիմնենք նաև Փարիզում՝ մեր 12-18 տարեկան պատանիների համար: Սա բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդների համար թվային տնտեսության մեջ ներգրավվելու առումով»,- ընդգծել է Իդալգոն:

Այս թեմայի շուրջ Անն Իդալգոն խոսել է նաև նորարության համար պատասխանատու եվրահանձնակատարի հետ, ով միանգամից հարցրել է, թե արդյոք Փարիզի քաղաքապետը խոսում է ԹՈՒՄՈ դպրոցի մասին, ինչն, Իդալգոյի խոսքով, վկայում է դպրոցի կարևորության մասին, որը դարձել է նաև ապագայի Հայաստանի խորհրդանիշը:

«Սա ավելին է, քան ուղղակի դպրոցի բացում Փարիզում, սա հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշն է: Շատ ուրախ եմ, որ Երևանից հետո Փարիզը կլինի երկրորդ քաղաքն աշխարհում, որ նման հնարավորություն է ստեղծում իր երիտասարդության համար»,- ամփոփել է Փարիզի քաղաքապետը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ