Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Հայաստանի զարգացման հիմնադրամն առավելագույնս աջակցելու է գործարարներին. պետք են միայն լավ ծրագրեր


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է աջակցել գործարարներին, բայց զարգացման հիմնական լոկոմոտիվը գործարարն ինքն է լինելու: Այս մասին հունվարի 19-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Հանդիպման ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին, ՏՏ ոլորտի ձեռնարկատերերին, ստարտափերի ներկայացուցիչներին և ուսանողներին Ավակյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցվածքը, գործառույթները, աջակցության գործիքները։ ՀԶՀ ղեկավարը շեշտեց բիզնեսին մատուցվող հետսպասարկման ծառայությունները և Գործարարության աջակցման ակումբի աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին նաև ներկայացվեց արտահանման խթանման և ներդրումների ներգրավման աշխատանքները, որոնք ՀԶՀ վաճառքի, մարքեթինգի և ծրագրերի թիմերի հետ միասին մեծապես խթանում են աշխարհի արդեն 26 երկրում գործող ՀԶՀ 30 պաշտոնական ներկայացուցիչները և գործընկերները։

«Ձեր փոխարեն ոչ ոք ձեր մտքերն ու գաղափարները չի իրագործելու, եթե դուք ունեք նախագծեր, բիզնես ծրագրեր, ապա առաջին հերթին դու՛ք պետք է պայքարեք ու քայլեր ձեռնարկեք դրանց իրագործման համար։ Հիմնադրամը միայն կարող է օգնել և իր աջակցությունն առավելագույնս է տրամադրելու։ Ուստի, եթե ունեք լավ ծրագրեր, պատրաստ եք ջանքեր գործադրելու և դրանք բիզնես դարձնելու, Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ՝ ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի միջոցով դիմեք հիմնադրամին»,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։Մինչ գործարարների հետ հանդիպումը, ՀԶՀ ղեկավարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությունը նշեց, որ հիմնադրամը գործունեության 2 նպատակ ունի՝ արտահանում և արտասահմանյան ներդրումների ուղորդումը Հայաստան:

«Հենց այս երկու նպատակների շրջանակում էլ մենք կարող ենք աջակցել: Հայաստանում տնտեսության զարգացման համար պետք է զարգացնենք կլաստերային սխեմա»,-նշեց պատասխանատուն՝ կարևորելով Գյումրիում այն երկու ոլորտները՝ ՏՏ և թեթև արդյունաբերության, որոնցով կարելի է զարգացնել Հանրապետության երկրորդ քաղաքը:

Արմեն Ավակ Ավակյանը տնտեսության զարգացման գործում նաև կարևորեց թվայնացման գործընթացը, որը չնայած որոշ չափով բարդ բայց անչափ կարևոր գործընթաց է։

Արմենուհի Մխոյան




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ