Մատենադարանում բացվեց ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս
3 րոպեի ընթերցում

Մատենադարանում պաշտոնապես բացվեց ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրամաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձեռագրերի վերականգնման համար օգտագործվող և Ճապոնիայում արտադրվող հատուկ թուղթը հայկական հումքից ստանալ հնարավոր է դարձել Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ընդգծեց, որ սա Մատենադարանի պատմության մեջ կարևոր օր է, քանի որ իրականություն է դարձել Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցների գրեթե տասնամյա երազանքը:
«Սա մեզ համար կարևոր է, քանի որ այստեղ վերականգնվում են ոչ միայն Մատենադարանի պահոցներում ամբարված արժեքները, այլև Հայաստանի բոլոր թանգարանների, գրադարանների գրավոր կոթողները: Մատենադարանը որդեգրել է մի սկզբունք, որի արդյունքում տարեցտարի ավելի ինտենսիվ ենք վերահսկելու նաև աշխարհասփյուռ մեր ձեռագրական ժառանգությունը: Եվ այս արտադրամասի ստեղծումը մեզ դարձնելու է միջազգային շուկայից շատ ավելի անկախ, որովհետև ճապոնական վերականգնողական թուղթը բավական թանկ հաճույք է, և ունի լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ, որը կարելի է ասել մենք հաղթահարում ենք:
Մոտ ապագայում նախատեսում ենք ոչ միայն հասնել լիարժեք ինքնաբավության, այլև ունենալ ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ տարածաշրջանի նման կառույցներից արդեն ունենք հետաքրքրվածություն մեր արտադրած թուղթը ձեռք բերելու համար»,- ասաց նա:
Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ Խզմալյանը նշեց, որ Մատենադարանն ու «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում իրականացվել է մինչև 100 ծառի ծառատունկ, որը լինելու է շարունակական:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Մատենադարանին՝ նման նախաձեռնողականության համար:
«Եթե որոշ ժամանակ առաջ մեզ ասեին, որ մենք Մատենադարանում ներկա կլինենք արտադրամասի բացման, երևի թե մի քիչ կտարակուսեինք, քանի որ դրանք առաջին հայացքից գուցե իրար հետ չեն կապվում, բայց շատ կարևոր է, որ Մատենադարանը գնում է մի ուղղությամբ, որտեղ որպես զարգացման ճանապարհ դիտարկում է իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործառույթների իրականացումը, որը, կարծում եմ, շատ ճիշտ ընտրված ճանապարհ է:
Իրականում Մատենադարանը միայն պահոց և գիտական աշխատանքի վայր չէ, այն ավելին է։ Մատենադարանը բազմազան փորձառությունների և հնարավորությունների մի միջավայր է, որտեղ, կարծում եմ, վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն բացահայտելու նորը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Մատենադարանը հատուկ պատվոգրեր հանձնեց նախաձեռնության իրականացմանն աջակցած բոլոր գործընկերներին:
Ներկաները նաև հնարավորություն ունեցան շրջելու արտադրամասում և ներկա գտնվելու թղթի պատրաստման գործընթացին: