Շուրջ 50 քաղաք աշխարհի տարբեր մայրցամաքներից. Երևանն ընդլայնում է գործընկերների ցանկը
4 րոպեի ընթերցում

«Յուրաքանչյուր քաղաքի հետ մենք ունենք տարբեր ակտիվության համագործակցություն: Իհարկե, բոլոր 50 քաղաքի հետ մենք չունենք խորը, համապարփակ համագործակցություն: Մի մասի հետ ունենք շատ խորը ծրագրային համագործակցություն, մյուսների հետ բավական լավ կապեր, շփումներ` թե երկկողմ, թե միջազգային կազմակերպությունների շրջանակում: Առավել հանգամանալի համագործակցություն ունենք ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Դոնի Ռոստով քաղաքների հետ: Եվրոպական քաղաքներից նշենք Փարիզը, Լիոնը, Մարսելը: Ունենք բավական հաջողված համագործակցություն մեր հարևան պետությունների քաղաքների հետ` Թբիլիսի, Թեհրան, Սպահան, Շիրազ, Թավրիզ և այլն: Համագործակցության ծրագրեր ունենք Մոնրեալի, Սան Պաուլոյի հետ: Ինչպես տեսնում եք, աշխարհագրությունը բավական լայն է»,-ասաց Դավիթ Գևորգյանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Երևանի միջազգային համագործակցությունն առաջին հերթին ուղղված է Երևանի հանրաճանաչության բաձրացմանը, Երևանի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, Երևանի գովազդմանը: Իհարկե, նաև քննարկվում են հարցեր հնարավոր ներդրումների ներգրավման վերաբերյալ: Դրանից բացի իրականացվում է փորձի փոխանակում:
Անդրադառնալով սպասվող նոր համաձայնագրերին՝ Դավիթ Գևորգյանը նշեց, որ համաձայնագրերի թարմացումը կամ նոր համաձայնագրերի նախապատրաստումը մշտական գործընթաց է:
«Ներկայում մենք ունենք շուրջ 7 քաղաքի հետ մշակման փուլում գտնվող համաձայնագրեր: Մինսկի հետ ավարտեցինք նոր համաձայնագրի համաձայնեցումը, Չինաստանի Ցինդաու քաղաքի հետ համագործակցության համաձայնագիրը մշակման փուլում է: Դրանք հիմնականում պաշտոնական այցերի ժամանակ են ստորագրվում»,-ասաց նա:
Քանի որ 2018 թվականը Երևանի համար հոբելյանական է, հետևաբար սպասվում են բազմաթիվ հյուրեր գործընկեր քաղաքներից: Դավիթ Գևորգյանի խոսքով, դեռ վաղ է խոսել հյուրերի կոնկրետ քանակի մասին, սակայն համոզված են, որ հոբելյանական տարում սպասվում է օտարերկրյա մի շարք պատվիրակությունների այց: Ըստ նրա՝ դրանք զուտ այցելություններ չեն լինելու, այլ համեմված կլինեն համագործակցության ծրագրերով, հետագա անելիքների քննարկումներով:
Այս տարի միջոցառումները կենտրոնացած են մայրաքաղաքի վրա, սակայն բացառված չեն Երևանի օրեր այլ քաղաքներում:
«Ներկայում վերջնական փուլում են Երևանի 2800-ամյակի ծրագրային նախապատրաստական աշխատանքները: Ծրագիրը վերջնական պատրաստ լինելու դեպքում մանրամասն կհրապարակվի: Կարծում եմ՝ մեկնարկը կլինի մայիս-հունիս ամիսներին, կշարունակվեն նաև աշնանը: Այսինքն՝ տարվա ընթացքում կլինեն միջոցառումներ հոբելյանի շրջանակում»,-հավելեց Դավիթ Գևորգյանը: