Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանի, Երևանի ավագանու ընտրություններ, կոալիցիա և նոր օրենքներ. «Արմենպրես»-ն ամփոփում է ներքաղաքական տարին

Խորհրդարանի, Երևանի ավագանու ընտրություններ, կոալիցիա և նոր օրենքներ. 
«Արմենպրես»-ն ամփոփում է ներքաղաքական տարին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքը լի էր հետաքրքիր և հատկանշական իրադարձություններով: «Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել և ընթերցողին է ներկայացնում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձություններն ու զարգացումները:

Խորհրդարանական ընտրություններ-2017

Տարվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերևս, խորհրդարանական ընտրություններն էին: Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ անցկացվում էին սահմանադրական բարեփոխումներից և նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո, որով վերացվեց մեծամասնական ընտրակարգը, ինչի փոխարեն ներդրվեց ռեյտինգային համակարգը, որով ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, բացի համամասնական ցուցակից, ներկայացնում են նաև յուրաքանչյուր տարածքից իրենց թեկնածուների ռեյտինգային ցուցակը: Բացի այդ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանն աշխատելու է խորհրդարանական կառավարման համակարգում, ինչը նորություն է Հայաստանի համար: Երկիրը լիարժեք խորհրդարանական կառավարման կանցնի արդեն 2018թ. ապրիլից, երբ կավարտվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:

Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել էր 9 քաղաքական ուժ` իշխող Հանրապետական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Ելք» դաշինքը, որի մեջ մտնում են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, «Ծառուկյան» դաշինքը, որի մեջ մտնում են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, որի մեջ մտնում էին «Հայ Ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինը, որի մեջ մտնում էին «Ժառանգություն» և «Համախմբում կուսակցությունները և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Ընտրությունները կայացան 2017թ. ապրիլի 2-ին, որի արդյունքներով խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ: Ընտրությունների արդյունքներով Հայաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվեց 4 քաղաքական խմբակցություն` ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ: ՀՀԿ խմբակցությունը ստացավ 58 մանդատ, «Ծառուկյան» խմբակցությունը` 31, «Ելք» խմբակցությունը` 9, ՀՅԴ-ն` 7: Հայաստանի նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրվեց Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար` Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար` Գագիկ Ծառուկյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար` Նիկոլ Փաշինյանը, քարտուղար` Գևորգ Գորգիսյանը, «ՀՅԴ խմբակցության ղեկավար` Արմեն Ռուստամյանը, քարտուղար` Աղվան Վարդանյանը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 18-ին, որի ընթացքում Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, փոխնախագահներ` Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմեցին

Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը շարունակում էր մնալ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև հնարավոր կոալիցիայի հարցը: Մինչ ընտրությունները երկու կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել, ինչի արդյունքում ՀՅԴ-ն կառավարությունում նախարարների և մարզպետների պորտֆելներ էր ստացել: Ընտրություններից հետո հանրության ուշադրության կենտրոնում էր` ինչ ձևաչափով կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը կամ կշարունակե՞ն, թե՞ ոչ:

Ի վերջո, քննարկումների արդյունքում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշեցին կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մայիսի 11-ին ՀՀ նախագահական նստավայրում երկու քաղաքական ուժերը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, որը կգործի մինչև նորընտիր խորհրդարանի լիազորությունների ավարտը` 2022թ.: ՀՀԿ-ի կողմից փաստաթուղթը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ի կողմից` կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:

Կառավարության ձևավորում

Խորհրդարանական ընտրություններից հետո հանրության ուշադրության կենտրոնում էր նոր կառավարության ձևավորման հարցը: Թեև ՀՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում վարչապետի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Կարեն Կարապետյանը, սակայն նախարարների պաշտոնների թեկնածուների հարցում հստակություն չկար: Սակայն կառավարության կազմում էական փոփոխություններ չեղան: Միակ նորությունն արդարադատության նախարարի փոփոխությունն էր: Այդ պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին փոխարինեց Դավիթ Հարությունյանը:

Արտաքին գործերի նախարար նշանակվեց Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը,  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյանը, առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը, սպորտի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսների նախարար` Վարդան Արամյան, մշակույթի նախարար` Արմեն Ամիրյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ` Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը իր գործունեությունը կշարունակի մինչև 2018թ. ապրիլ, երբ կավարտվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Դրանից հետո խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով էլ կձևավորի նոր կառավարությունը:

Երևանի ավագանու ընտրություններ-2017

Խորհրդարանական ընտրություններին հաջորդեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվեց ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը` Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը` Զարուհի Փոստանջյանը: 

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով երեք քաղաքական ուժերն էլ Երևանի ավագանիում մանդատներ ստացան, սակայն քաղաքապետի թեկնածու ներկայացնելու իրավունքը ՀՀԿ-ինն էր, քանի որ հենց այդ քաղաքական ուժն էր հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը:

Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն հավաքեց 240 հազար 34 ձայն, «Ելք» դաշինքը` 70 հազար 730 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 26 հազար 107 ձայն: Երևանի ավագանու առաջին նիստը գումարվեց հունիսի 9-ին, որի ընթացքում Երևանի քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էլ տեղի ունեցավ հունիսի 12-ից, որով նա պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի պարտականությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Ներքաղաքական տարին բավականին հագեցած էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առումով: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին 2017թ. փետրվարի 12-ին և նոյեմբերի 5-ին: Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում:

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ավելի ընդգրկուն էին և անցկացվում էին համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 69 համայնքներում: Ընտրությունների արդյունքում հանրապետությունում ձևավորվել է 34 խոշորացված համայնք:

Օրենսդրական փոփոխություններ

Հայաստանի նորընտիր խորհրդարանը տարվա ընթացքում կատարեց մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակն օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Մասնավորապես, պատգամավորներն ընդունել են նոր դատական օրենսգիրքը, «Մարդու իրավունքների պաշտպանի», «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքները: Հայաստանի խորհրդարանը նաև վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, հավանության է արժանացրել ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

Հատկապես բուռն քննարկումների առիթ տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որի նախնական տարբերակին դեմ էին նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները: Բազմաթիվ քննարկումներից հետո օրենքի նախագիծը ենթարկվեց էական փոփոխությունների, որից հետո միայն խորհրդարանն ընդունեց այն:

Թեժ քննարկումների մթնոլորտում անցավ նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով իրավական հիմքեր են ապահովվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես,  դժգոհություններ էին հնչում կապված ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման հետ: Խորհրդարանն, այնուամենայնիվ, ձայների մեծամասնությամբ ընդունեց օրենքը, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկումներ ունեցան օրենքիդ դժգոհող ուսանողների հետ` քննարկելու համար ակադեմիական տարկետման տրամադրման չափանիշները սահմանելու հարցը:

Ամփոփեց Շանթ Խլղաթյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am